Որքան Փաշինյանն իր գործողություններով, քաղաքական վարքով, բարոյահոգեբանական գործելաոճով մեր հասարակությանը դեպի խելագարության կանխավարկածների դաշտ տանի, մենք պետք է ամեն բան անենք՝ օգնելու հասարակությանը, որ դա չդառնա նորմա, ստանդարտ, ընդունելի կարգ և ոճ:
Որքան նա իր օրհասական խնդիրների լուծման համար մեզ իջեցնի իր ցածր քաղաքական մշակույթի որակին ու ոճին, մենք չպետք է ընդունենք այդ ցածր ստանդարտը, որպես մարտի դաշտ: Այլ կերպ ասած` այս նյութը կարդացողներից որևէ մեկը իրեն չի կարող թույլ տալ արժեքային, տրամաբանական և գիտակից շղթայով վիճել նրա վարչական ռեսուրսի, դիցուք՝ Դիլիջանի «արու» քաղաքապետի կամ Հովհաննավանքի մատույցներում կիրակի օրը Փաշինանի, այլ ոչ թե Աստծո փառաբանմանը եկեղեցի եկած և վերջնականապես մթագնած միտք ունեցող մոլորյալներից որևէ մեկի հետ: Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն:
Ուստի նշենք երկու իրողություն:
Իրողություն 1. Սկսվել է Հովհաննավանքի դուբլ 2-ի հավաքագրումը: Դրան ընդառաջ՝ կարելի է ասել, որ Փաշինյանի գործերն այնքան «լավ» են, որ նա ստիպված իր թիմի և իր վարչական ռեսուրսի քաղաքական տրաֆիքինգից անցել է նաև նրանց հոգևոր ստրկացմանը, կամ այլ կերպ ասած՝ հոգեորսությանը՝ հոգեստրկացման նպատակով:
Իրողություն 2. Կիրակի օրը Սկևռայի մեծագույն սրբություն հրաշագործ մասնատուփը դուրս է բերվելու և ի ցույց է դրվելու ժողովրդին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այն ունի բացառիկ հոգևոր, պատմաքաղաքական իմաստ և նման է հոգևոր զինանշանի բարձրացմանը՝ որպես հիշեցում, որ հայ ժողովրդի ուժը գալիս է ոչ թե ժամանակավոր իշխանություններից կամ աշխարհիկ հաջողություններից, այլ իր սրբերի հավատքից, եկեղեցու հավերժությունից և ազգի հավաքական ոգուց։
Ժողովուրդը, հաղորդակից լինելով այդ սրբոց մասունքներին, հաղորդակից կդառնա իր սեփական հիշողությանը և զորությանը։ Դա հայ ժողովրդի ինքնահաստատման արարողություն է՝ խավարի, հոգևոր բռնության և արժեքային խզման դեմ։
Որոշի՛ր՝ որտեղ և ում հետ ես լինելու դու:
Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ
 
			 
     
			




