Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակման պահանջով մի խումբ մարդիկ հավաքվել են ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։
Մի քանի օրից Բաքվում մեկնարկելու է COP29 համաժողովը, որին մասնակցելու են միջազգային կառույցների հարյուրավոր ներկայացուցիչներ։ Նրանք ժամանելու են այն քաղաք, որի բանտերում անօրինական կերպով գերեվարված են պահվում մի քանի տասնյակ հայ զինվորներ, որոնց պատերազմի ավարտից հետո Ալիևը պարտավոր էր ազատ արձակել, բայց, խախտելով միջազգային կոնվենցիաները, չի կատարել։
Այդ նույն քաղաքում են բանտարկված նաև օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։
Բազմաթիվ երկրներ, միջազգային կառույցներ լռում են այս իրողության դեմ, ճնշումներ չեն գործադրում Ալիևի վրա, ավելին՝ պատրաստվում են մասնակցել COP29-ին՝ աչք փակելով բռնապետի հանցագործությունների դեմ։
Մի քանի օր առաջ ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ կլիմայական արդարություն չի կարող լինել առանց մարդկային արդարության և մարդու իրավունքների պաշտպանության․
«Նոյեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին տեղի կունենա բողոքի ակցիա, որը կմեկնարկի ՄԱԿ֊ի գրասենյակի առջև, որից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ ԱԳՆ և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ»։