Ադրբեջանը հրապարակել է այն հայերի անունները, որոնք իբր առևանգված Վագիֆ Խաչատրյանի հետ 1991 թվականի դեկտեմբերին իրականացրել են Խոջալուի շրջանի Մեշալիում ադրբեջանցիների ջարդը։
Հաղորդվում է, որ մեղադրյալների անունները հրապարակվել են Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ Վագիֆ Խաչատուրյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ։
Ադրբեջանը հրապարակել է Խոջալուի շրջանի Բադարա գյուղի բնակիչների անունները՝ Սարգսյան Էմեստ Բախշիի, Սարգսյան Արամայիս Բախշիի, Գասպարյան Բենիկ Աստանի, Աբրահամյան Խորեն Մելիքի, Ավանեսյան Արմեն Սարգսի, Սարգսյան Վովա Արամայիսի, Խաչատրյան Արամայիս Բախշիի, Աբրահամյան Էդուարդ Արմենի, Աբրահամյան Զինա Արմենի, Աբրահամյան Վահիդ Արմենի, Օհանյան Կարեն Աշոտի, Օհանյան Նորիկ Աշոտի, Գասպարյան Գուրգեն Բենիկի, Գասպարյան Վալերի Բենիկի, Դավթյան Ալբերտ Մելիքի, Սահակյան Սամվել Ռաֆիկի, Խաչատրյան Կառլեն Բախշիի, Իսրայելյան Էդուարդ Բեգլարի, Ավագյան Արթուր Վարդանի, Սարգսյան Սուրիկ Արամայիսի։
Ըստ մեղադրական եզրակացության՝ այս անձինք մեղադրվում են ապօրինի զինված խմբավորումներում ներգրավված լինելու մեջ։
Ըստ ադրբեջանական կեղծ մեղադրանքի՝ նրանց հետ եղել են նաև Հայաստանից Արցախ գնացած հայ ազգայնականներ։
Այս երկիրը պետական ծրագրով հետապնդում է իրականացնում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մասնակցել են Արցախի ազատագրմանը՝ նրանց վերագրելով կեղծ մեղադրանքներ։
Թշնամի երկրի լրատվամիջոցները հետևյալ հրապարակումն են տարածում. «1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ադրբեջանցիների ջարդի զոհ է դարձել 27 ադրբեջանցի, վիրավորվել 21 հոգի, գյուղի երկու բնակիչ պատանդ է վերցվել, 340 մարդ վտարվել է իր գյուղից։ Ընդհանուր առմամբ գյուղի բնակիչներին պատճառվել է 13 568 060 մանաթի, իսկ պետությանը 130 800 մանաթի վնաս»։
Պատմությանը հայտնի ապացուցված իրողություն է, որ Խոջալուի «ջարդը» կազմակերպել է Ադրբեջանի ղեկավարությունը՝ իշխանափոխություն իրականացնելու համար։ Քաջ իմանալով, որ այդ տարածքում ռազմական գործողություններ են սպասվում, նրանք իրենց բնակիչներին դարձրել են կենդանի վահան և Խոջալուից չեն տարհանել խաղաղ բնակիչներին։ Սրա մասին կան նաև ադրբեջանական խոստովանություններ։
Ադրբեջանը զրպարտում է, չկատարած հանցագործության մեջ մեղադրում Վագիֆ Խաչատրյանին ու «ցուցակագրված» մյուս հայերին։
Երբ ռուս լրագրող Անդրեյ Կարաուլովը 1994թ. հունվարին «Ճշմարտության պահը» հաղորդաշարի հյուրին` Լեռնային Ղարաբաղի ՊՊԿ նախագահին, հարցնում է Խոջալուում տեղի ունեցած դեպքերի մասին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է.
«Ես այդ ողբերգության կողքին կդնեի ողբերգությունների մի այլ շարք, որն իր չափերով երևի գերազանցի Խոջալուինը: Դա և Սումգայիթն է, և՛ Բաքվի ջարդերը, հայկական 28 գյուղերի հայաթափումը, դա և՛ հայկական Մարաղա գյուղի ողբերգությունն է»: «Խոջալուն հայտնվել էր մարտական գործողությունների կիզակետում, ընդ որում, ինչպես ինձ պատկերանում է, մարտնչող կողմերը պետք է զգուշավորությամբ մոտենան բնակավայրերի` ռազմական նպատակներով օգտագործմանը. դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Խոջալուում: Բուն բնակավայրում տեղակայված էր չորս հրանոթ և «Գրադ» կայանք, որոնցից անդադար ռմբակոծվում էր Ստեփանակերտը: Եվ եթե ինչ-որ ուժ վերածվում է դիրքի` հրետանու, «Գրադի» հարվածի համար, ապա, բնականաμար, այդ կայանքներն իրենց վրա կրակ են հրավիրում: Դրա համար էլ, իսկապես, Խոջալուում ստեղծվեց մի իրավիճակ, որ ընթանում էին ծանր մարտեր բնակավայրի համար, և այդ մարտերի ընթացքում, իսկապես, տուժել է խաղաղ բնակչությունը»: