Հուլիսի 25-ի ասուլիսին վարչապետ Փաշինյանին հարց ուղղվեց ընտրովի արդարադատության, դատավորների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու, նաև այն մասին, որ նա հայտարարել էր՝ Հայաստանում կա՞ մի դատավոր, որ իր ասածը չանի։ Վարչապետը վախ չունի՞, որ մի օր էլ իր սրտի դատավորներն իրեն կդատեն։
«Վախ չունեմ, ունեմ խոր գիտակցում, որ եթե այնպիսի բան անեմ, որի համար պիտի իմ սրտի կամ ոչ իմ սրտի դատավորները դատեն ինձ, ապա թող դատեն»,- ասաց Փաշինյանը։
Նա խոստովանեց, որ դատական համակարգում պրոբլեմներ կան, կա անկախության պրոբլեմ։
«Կան դատավորներ, որոնք ոչ թե ընտրովի, այլ հանձնարարովի արդարադատություն են իրականացնում։ Կան դատավորներ, որոնց որոշումները ոչ օրենսդրության հետ է կապված, որ բարոյականության։ 5 տարի է՝ մարդիկ մեզ ասում են՝ դուք վեթինգ էիք խոստացել, ինչի՞ չեք վեթինգ անում։ Մեկն ասում է՝ կոռումպացված դատավորներին ինչու չեք դատում, մյուսներն ասում են՝ ինչի եք դատավորներին դատում. հիմա ո՞րն անենք»,-ծիծաղելով ասաց Փաշինյանը։