Գարեգին Բ-ն այսօր Արցախի հարցով շատ կարևոր ուղերձ հղեց մեր ժողովրդին, և չեմ կարծում, որ կա գեթ մեկ շարքային հայ, որը համաձայն չլինի նրա հետ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տռեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
«Խնդիրն այն է, որ բացակայում են այն բանաձևերը, որոնց շուրջ ազգը այս դժվարին իրավիճակում կարող է միավորվել։ Մեզ պետք են ճշմարտություններ, որովհետև կեղծիքների շուրջ հնարավոր չէ համախմբվել, և Կաթողիկոսի ուղերձն այդ ճշմարտություններից մեկն էր։ Մենք իրավունք չունենք մոռանալու մեր անցյալը և պատմությունը, որովհետև իր անցյալն ու պատմությունը մոռացողը ապագա չունի։
Իհարկե, Գարգին Բ-ի ուղերձը միավորման գործում միակ ճշմարտությունը չէ։ Շատ կարևոր է նաև այն, թե մենք ներսում ինչ հասարակություն ենք։ Մենք պետք է փորձենք գտնել մեր առջև ծառացած ներքին մարտահրավերների պատասխանները, որոնք կարող են միավորել ազգին։ Բոլոր տեխնոլոգիաները, որոնք ուղղված են մեր ներքին պառակտվածությանը, պետք է գիտակցվեն, որովհետև հաճախ կեղծ դրույթներն ընդունվում են ճշմարտության փոխարեն։ Իսկ ճշմարտության տանող ճանապարհը բարձր հասարակագիտական և քաղաքագիտական միտքն է»,- ասաց քաղաքագետը։
Ըստ Մանասյանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Արցախի հարցով այսօրվա ուղերձն այն մասին էր, որ մենք իրավունք չունենք մենակ թողնել ցեղասպանության ենթարկված մեր ազգի այդ հատվածին։
«Յուրաքանչյուր շարքային հայ պետք է իմանա և գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով երբեք չի պատկանել Ադրբեջանին։ Մեր հասարակության շատ անդամներ սա չգիտեն։ Չկա իրավազորությամբ օժտված որևէ փաստաթուղթ, որևէ հիմք, որ կփաստի, որ Արցախը երբևէ պատկանել է Ադրբեջանին, և այս մասին պետք է իմանա յուրաքանչյուր հայ»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ այսսօր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ մատուցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով անդրադարձավ նաև աշխարհաքաղաքական բարդ իրադարձություններին, տեղահանված արցախցիներին։
«Բարությունը մեզանում աղճատվեց չարության ու նենգության որոմներով, արդարությունն այլափոխվեց կողմնակալության ու հաշվեհարդարի դրսևորումներով, ճշմարտությունը խեղվեց ու խաթարվեց ստով ու չարահնար գործողություններով։ Նման արատները նաև պատճառ դարձան մեր ազգի մասնատման, ուժերի ջլատման ու պարտությունների, նաև կորուստների մեր սրբությունների և արժանապատվության։
Այսպես Արցախը միայնակ մնաց իրեն պատած արհավիրքների օրերին։ Արցախցի հայորդիք եղան հալածական հայրենի բնօրրանից, աստանդական և անօթևան։ Բայց Տերը, Ով Իր Ծննդյամբ փրկություն ու լույս բերեց խավարի մեջ, ցույց է տալիս, որ Աստծո հետ՝ ամեն նեղություն վերափոխվում է հաղթության, ամեն տառապանք՝ աստվածային հատուցման, ամեն դժվարություն՝ ուժի և զորության, և անգամ մահը՝ հավիտենության», — նշեց Գարեգին Բ-ն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նաև շեշտեց. «Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար։ Մնացեք լի հույսով՝ Աստված ձեզ բարիքներ և օրհնություններ պիտի պարգևի ձեր կրած զրկանքների փոխարեն»։