Կարծում եմ՝ առավել քան ակնհայտ է, թե որ կողմն է ապակառուցողական և ռազմատենչ լեզու կիրառում, որ կողմն է հարձակվում մյուսի վրա և որ կողմն է տապալում կամ փորձում տապալել բանակցային գործընթացը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին:
«Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքորոշումներով և հայտարարություններով՝ միտված խաղաղ գործընթացի ամրապնդմանը»,- ասաց նա։
Ռուբինյանը նշեց, որ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները մշտապես անում են կատեգորիկ հայտարարություններ խաղաղ գործընթացի վերաբերյալ, և Հայաստանի դիրքորոշումը տրամաբանական է՝ անհնար է առարկայական բանակցություններ վարել այնպիսի պայմաններում, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ:
«Երկրորդ՝ երբ կողմերից մեկը նախապես պայմաններ է դնում, օրինակ՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ հակամարտության հանգուցալուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, սա ապակառուցողական, կատեգորիկ հայտարարություն է, որն անհնար է դարձնում առարկայական քննարկումները»,- ասաց Ռուբինյանը:
Պատգամավորը նաև ընդգծեց, որ ցանկացած հակամարտություն աշխարհում պետք է լուծվի բոլոր կողմերի ժողովուրդների համաձայնությամբ. «Կա՛մ այս հակամարտությունը կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կա՛մ այս հակամարտությունը չի լուծվի»:
Աղբյուր՝ News.am