Տեղի է ունեցել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Հայաստան-Ադրբեջան նախագծի տեքստի համաձայնեցում և տեքստի շուրջ բանակցությունների ավարտ. հիմա մենք, ըստ էության, հայտարարված, թե չհայտարարված, այդ վերնագրի ներքո թե այլ վերնագրի ներքո, մենք Ադրբեջանի հետ այն ժամանակվանից սկսել ենք խորհրդակցությունները, թե ինչպես գնալ առաջ, ինչ ճանապարհային քարտեզ կարող է լինել։ Այս մասին այսօր տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը։
«Նախաստորագրման գաղափարն էլ կա օրակարգում, և դա քննարկվող մենյուի մեջ առկա տարբերակներից մեկն է։ Ինքը միայնակ չէ, այն որոշակի պայմաններում կարող է լինել ընդունելի և իրատեսական, և որոշակի պայմաններում կարող է լինել ոչ այնքան իրատեսական։ Մենք խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ առաջ գնալու ոչ մի հնարավորություն բաց չենք թողնելու։
Կրկնում եմ, դա պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և պետական շահերի աներկբա հաշվառումով։ Մյուս կողմից պետք է հասկանանք, որ աշխարհը դինամիկ է և պետք է մոտենալ ճկուն, պետք է ուշադիր լինել, որ հանկարծ չստացվի, որ նայում ենք ու չենք տեսնում հնարավորություններ, որոնք առկա են»,– ընդգծեց Փաշինյանը։