Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Լուսանկարներ. Հակոբ Ասլանյանը հրապարակել իր աշակերտ-նախարարի հետ նամակագրությունը

ՔՊ-ն մեկ մասով լքելու, բայց մանդատը վայր չդնելու մասին հայտարարած Հակոբ Ասլանյանի սոցցանցային «բոցերը» նոր թափ են հավաքել։

Հայտարարությունն անելուց հետո նա, ենթադրաբար,  կուսակցական ճնշումների է ենթարկվել, այդ ընթացքում սխալմամբ հրապարակելով  ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ ֆեյսբուքյան փակ նամակագրությունը, որից պարզ է դառնում, որ նախարարը հրահանգում է՝ Ասլանյանն  ինչ պետք է անի հաջորդիվ։

Տարեց պատգամավորը հավանաբար սոցցանցերի լեզուն չի հասկացել, չի իմացել, որ նախարարի հետ նամակագրության սքրին-շոթը հրապարակելով՝ երկուսն էլ կխայտառակվեն… ու  հրապարակել է։ Իսկ սքրին-շոթն այն մասին է, թե  ինչ է հրահանգում Մխիթար Հայրապետյանը քպ-ական Ասլանյանին՝ ինչ պետք է վերջինս հայտարարի։

Հակոբ Ասլանյանի ու նախարարի նամակագրության սքրին-շոթի հրապարակումից քիչ անց ԲՏԱ նախարարությունից փորձել են խայտառակությունը «մեղմել», քողարկել, բայց ավելի խայտառակ պատկեր է ստացվել, երբ այդ պարտականությունն իր վրա վերցրած Կարինե Տերտերյանն այս հայտարարությունն է  հրապարակել.

 «ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված:

Այսքանը»:

Փաստորեն, Հակոբ Ասլանյանը մի քանի ժամվա մեջ «փոշմանեց». էլ քպ-ից դուրս չի գալու, իր աշակերտ-նախարար Մխիթար Հայրապետյանի ուղարկած հայտարարության տեքստը ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով՝ «սխալն ուղղեց»։ Էլ ընդվզել-ընդդիմանալ, Հովիկ Աղազարյանի «թասիբին կանգնել» չկա։

Փաշինյանի ղեկավարած Քպ-ն հերթական անգամ մերկանում է՝ «իր ողջ հմայքով»։

Քպ-ն իր «կեղտոտ սպիտակեղենը» դեռ էլի է ցույց տալու, ներքին պառակտումներն ու գզվռտոցներն այլևս թաքցնել հնարավոր չէ։