Հայերը առաջ են տանում աշխարհը
Երեք հարցեր փոխկապակցված են ներկայիս. Հայաստանի գոյությունը վտանգված է, քանի դեռ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են Ադրբեջանի հետ, հստակություն չկա, թե 2023-ին Ցեղասպանության զոհ գնացած Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինչպես է կարողանալու ապահով եւ անվտանգ վերադառնալ իր պապենական բնօրրանը, եւ 23 հայ պատանդներ դեռեւս գտնվում են Բաքվի բանտերում։
Ադրբեջանը այս տարվա նոյեմբերին հյուրընկալելու է COP 29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությանը նվիրված համաժողովը Բաքվում «COP-ը հանուն խաղաղության» քողի ներքո։ Եթե պատանդ հայերը ազատ չարձակվեն, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անտեսվի COP 29-ին մասնակցող պատվիրակությունների կողմից, նախագահ Ալիեւը հզոր պատրվակ է ձեռք բերելու առաջ տանելու համար ամբողջ Հայաստանը գրավելու իր աշխարհաքաղաքական փառասիրությունը։
Նման սցենարը ոչ միայն ժխտելու է Լեռնային Ղարաբաղի ցեղասպանությունը եւ պատանդ պահված հայերին դատապարտելու է երկար տարիների բանտարկության, այլեւ անցյալի մոռացության գիրկն է մղելու հայկական մի ամբողջ համայնք եւ առավել ուժեղացնելու է վտանգը բուն Հայաստանի նկատմամբ։
Հայաստանի օրինական իշխանությունները շատ բարդ բանակցություններ են վարում։ Հայերը, Հայաստանում, թե սփյուռքում, եւ ինձ նման մարդիկ, որոնք անհանգստացած են եւ մտահոգ ցեղասպանություններով եւ պատերազմներով, պետք է հարգեն գործադրված ջանքերը եւ միահամուռ զորակցությամբ բարձրացնեն իրազեկությունը նշված խնդիրների վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի պաշտպանել ե՛ւ ժողովրդին, ե՛ւ երկրին։
Բարեբախտաբար, դա արդեն տեղի է ունենում։ Հայերն աշխարհով մեկ սկսել են արշավ ծավալել։ Օգոստոսի 23-ին Հ.Բ.Ը.Մ.ի նախագահ Պերճ Սեդրակյանը դիմել է Մ. Նահանգների պետքարտուղարին՝ պահանջելով Ադրբեջանում բանտարկված բոլոր հայերի ազատ արձակումը։ Նա գնահատել է Ամերիկայի գործադրած ջանքերը, բայց մտահոգություն է հայտնել, որ պրն. Բլինքենի «խոսքերը մնալու են ձայն բարբառոյ յանապատի եւ շարունակելու են անտեսվել»։
Անցյալ ամսվա ընթացքում 30-ից ավելի երկրներից հազարավոր մարդիկ, շատերը հայկական արմատներով, միավորվեցին թվային ֆորումներում եւ սոցցանցերում միեւնույն հաշթեգներով՝ #COP29, # StopGreenwashGenocide, #FreeArmenianHostages, եւ #FreePoliticalPrisoners։ Սերժ Թանկյանի նման արվեստագետներ, հայկական եւ միջազգային կազմակերպություններ (Armenian National Committee of America, Christian Solidarity International, and the Armenian Assembly of America, LIBERTAS in France, etc) բարձրաձայնեցին միեւնույն գաղափարը։ #StopGreenwashGenocide եւ #FreeArmenianHostages գրառումները դարձան թվիթերյան (այժմ X) COP 29-ի հետ առնչվող 2 գլխավոր հաշթեգերը։ Առցանց արշավից բացի, Երեւանից Կանադա բողոքի ցույցեր տեղի ունեցան, որոնք պահանջում էին ազատ արձակել Բաքվում բանտարկված հայ պատանդներին։
Այժմ եկել է ժամանակը ընդարձակելու այս շարժումը եւ խնդիրը հանձնելու աշխարհի ճակատագիրը կերտողների ուշադրությանը։ Հայերը Ալիեւի միակ զոհը չեն։ Ալիեւը վնասում է ամբողջ շրջակա միջավայրին, Ադրբեջանի քաղաքացիներին եւ եվրոպացի խորհրդարանականներին։
Վառելանյութի հանածոներով հարուստ Ադրբեջանը ներկայանում է որպես կլիմայի փոփոխման հետ առնչվող գլոբալ ջանքերի առաջնորդ երկիր։ Մինչդեռ երկրի իշխանությունը անխղճորեն ճնշում է լրագրողներին, գիտաշխատողներին եւ իր սահմաններում գտնվող ամեն մի այլախոհի։ Այդ իշխանությունները ընդամենը մի քանի օր առաջ արգելեցին Ադրբեջան մուտքը 26 երկրներից 76 եվրոպացի պատգամավոներին, որոնք բացահայտել էին երկրի կոռումպացված լինելը։ Վերջերս Բուենոս Այրես կատարած այցելության ընթացքում հանդիպեցի պատանիների, որոնք հասկանում էին, որ նման քայլերը խորտակում են իրենց ապագան եւ վճռական էին միանալու իրենց հասակակիցների TikTok արշավին։
Հաջորդ քայլը պետք է լինի պահանջել COP 29-ի պատվիրակներից բարձրացնել իրենց ձայները վերոնշյալ հարցերի առնչությամբ, որոնց թվում նաեւ վառելանյութերի եկամուտների լվացումները կամ «սվաղելը» Ալիեւի կողմից, Լեռնային Ղարաբաղի Ցեղասպանությունը, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի քաղաքական համակարգի կոռումպացումը, ինչպես նաեւ Բաքվում քաղբանտարկյալների եւ հայ պատանդների հարցերը։
Ուրախ եմ Վեհափառ Գարեգին Բ-ի եւ «Ճշմարտություն եւ Արդարություն» կենտրոնի կողմից սեպտեմբերի 9-ին Հայաստան այցելելու հրավեր ստանալուս համար։ Դա եզակի հնարավորություն է լինելու հանդիպելու հայ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ միասին մշակելու համընդհանուր մի մարտավարություն։ Մինչ այդ, հայեր, եկե՛ք պահպանենք Հայաստանը եւ աշխարհը առաջնորդենք դեպի իսկապես խաղաղ COP 29-ը։
Անգլ. թարգմ.՝
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Բուենոս Այրես
Սեպտեմբեր 4, 2024 թ.