Մազից կամ Ալիևի քմահաճույքից կախված երկրում կատարվում է մի անսահման գռեհիկ, քրջոտ բեմադրություն՝ միախառնված ցինիզմով, անգրագիտությամբ, ընտանեկան յալանչի կրկեսով, քաղաքական ավտորիտարիզմով։
Պատերազմում ջախջախիչ պարտություն կրած և նոր հնարավոր պատերազմում ոչնչացման եզրին հայտնված երկրում կառավարող մի ընտանիք որոշել է բեմադրել իտալական բուֆֆ օպերայի քսմտելի մի կապկում։
Ընտանիքով հեծանիվ են հորինում, կեցցե՜ հեծանիվը տխմարագույն ասույթով լցնում են տիկտոկյան իրենց էջերը, աջակից կուսակցական ստրուկներին ստիպում հավանության օրգիաներ կատարել սոցցանցային տիրույթում։
Ժամեր անց նույն ընտանիքն արդեն գյուղատնտեսական այց է կատարում դեպի հեռավոր արոտավայրեր և բառացիորեն տխմար դատողություններ սփռում, որոնք ոչ մի կիրառում և արդյունք չեն ունենալու: Մի քանի տասնյակ թանկարժեք ավտոմեքենաներով հեռավոր արոտավայրերի գոմեր հասածը ալյա Լուկաշենկո հասարակ տղայի կեցվածքով չի էլ իմանում, որ խնամվող կովերը ցեղային բարձր դասի են և բացարձակ նման չեն տեղական կովկասյան տեսակներին, ու շարունակում է խոսել, խոսել, ճամարտակել։
Ժամեր անց նույն անձը հայտնվում է արդեն երկրագիտական թանգարանում, որտեղ նրա համապատասխան բուժում ենթադրող դատողությունները թանգարանի, նկարների մասին ստիպում են մտածել, որ այս փոքր, պարտության դառնությամբ լցված երկիրը կառավարում է Հայաստանի հանդեպ դառը լեզիով ու մաղձով լցված մեկը։
Ապոկալիպսիս ի տանող կառավարման այս անիվն իր հետ բերում է զզվելի խրախճանքներ, ռաբիս կատարողների շռայլորեն վարձատրվող բենեֆիսներ, փոր-ստամոքս լցնելու գրոտեսկային տարատեսակ փառատոներ։
Զավեշտը հասել է այն մակարդակի, որ Խաչատրյան, Ազնավուր, Սարյան, Ներսիսյան, Մկրտչյան, Սպենդիարյան ունեցած էթնոսը խելագար մոլուցքի մեջ տասնյակ հազարներով հորդում է դեպի հոգեւոր սով հիշեցնող փառատոներ։
Արդյո՞ք այս ամենը պատահական է:
Իհարկե, ոչ։
Իսկ ինչո՞ւ է այն բեմադրվում, ո՞ւմ է դա ձեռնտու:
Կարելի է տարբեր տեսանկյուններից դիտարկել հարցը, սակայն հիմքայինը էթնոսի լյումպենացումն է։
Հանրության զգալի հատվածը համառորեն ենթարկվում է հարձակման։ Նրանց հորդորում են կյանքի ունայնություն, հավատքի անիմաստություն, ցոփ-շվայտ կյանքի ցուցադրական դրսևորումներ, իրական գեղագիտական արժեքների մերժում, լափ և հարբեցողություն։ Իսկ ինչո՞վ է տարբերվում հարբեցող, անգրագետ, անճաշակ, գռեհիկ անձը մտածող մարդուց:
Նա չունի քաղաքացիական պարտքի զգացում, չունի պետականության պաշտպանության պարտք, չունի հանրությունը փոխելու երազանք, չունի արժանապատիվ ապրելու ձգտում։ Փաստացի մեկ ընտանիքի կողմից հանրությանը առաջարկվում է լինել ամեն ինչ՝ բացի Նժդեհ կարդացող, Խաչատրյան լսող, Սարյան դիտող, Եղիշե ուսումնասիրող, Խրիմյան Հայրիկ հիշող, Մյասնիկյան երազող տեսակից։
Դրանով իսկ խարխլում են էթնոսի հիմքերը, պետության տեկտոնական սալերը և ճանապար բացում հարևան երկրներից մեկում թափառական ցեղախումբ դառնալու, իսկ քոչվոր հարևաններին մեր երկիր բերելու ու մեր երկրին տեր դառնալու հեռանկարի համար։
Սա է վտանգը, և սրա դեմ պետք է աշխատել։
Նարեկացի ունեցած էթնոսը չի կարող մի խաբեբայի ձեռքով լյումպենացվել:
Ի՞նչ պետք է անել, և ո՞վ պետք է այդ պայքարի դրոշը վերցնի տանի դեպի հաղթանակ ու արժանապատիվ կյանք։
Որքան էլ որ պարադոքսալ հնչի, դա քաղաքական խմբերը չեն կարող անել։ Այդ գործը կարող է և պետք է կատարի հայ ուսուցիչը, հայ մտավորականը։
Հայ ուսուցիչ, հիմա դո՛ւ ես լինելու էթնոսը և պետությունը կործանման ճանապարհից ետ բերողը։
Իսկ ի՞նչ է պետք անել, դրա մասին կզրուցենք առաջիկայում։
Շարունակելի…
Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ