Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Լիլիթ Պիպոյանը վայր է դրել Երևանի ավագանու անդամի մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վայր է դնում ավագանու անդամի իր մանդատը

«Հայտնում եմ, որ Երևանի ավագանու անդամի մանդատս վայր եմ դնում, որովհետև՝

1. չցանկացա մաս կազմել քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացի,

2. բողոք և անհամաձայնություն ունեմ ավագանու ինստիտուտի նկատմամբ իսկ, որը պետք է անպայման ենթարկվի հիմնավոր բարեփոխումների` ճշմարիտ քաղաքային իշխանություն դառնալու համար, որպիսին այն բնավ չէ հիմա:

Այն պետք է դառնա պրոֆեսիոնալ օրենսդիր մարմին Երևան քաղաքի համար: Ցավոք, օդում առկախ մնաց քաղաքապետարանում Մոնումենտալ արվեստի խորհուրդ ստեղծելու իմ առաջարկը, որի համար բավականին նախապատրաստական աշխատանք էի կատարել վերջին ամիսների ընթացքում, բայց այն` լիովին ձևակերպած, կհանձնեմ մշակութային գծով քաղաքապետի տեղակալին հույսով, որ կյանքի կկոչվի»,- գրել է Պիպոյանը:

Հիշեցնենք, որ ավագանու 44 անդամներ այսօրվա նիստում անվստահություն հայտնեցին Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին և նոր քաղաքապետ ընտրեցին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։