Իշխանությունները շատ են սիրում ասել, որ ընդդիմության փոխարեն գործ են անում. թող անեն այդպիսի գործեր. ի վերջո, դա ինքնաբացահայտման բավականին մեծ հնարավորություն է տալիս, որովհետև երբ մենք ենք խոսում այդ մասին, ասում են՝ դե ընդդիմությունն է, մեղադրում է մեզ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ դահլիճում Աղազարյան- Քյարամյան սուր վիճաբանությանը:
«Լավ է, որ դա ներսից է բացահայտվում և իրականացվում: Ինչ վերաբերում է միջադեպին, չէի էլ ուզենա անդրադառնալ դրան, որովհետև տգեղ միջադեպ էր՝ ով ինչ ուզում է ասի: Մեզ հաճախ մեղադրում են, ասում են՝ ընդդիմությունը ԱԺ դահլիճը վերածել է չգիտեմ ինչի, մինչդեռ երեկվա բացահայտումը ցույց տվեց, որ այդ ամենն իրենց մեջ է նստած:
Ես, անկեղծ ասած, Արգիշտի Քյարամյանի վարքագծում ինչ-որ հակաօրինական բան չեմ տեսել: Բայց մյուս կողմից, ուզում եմ հասկանալ, այն, որ ընդդիմության պատգամավորներին անընդհատ պատի անկյուն են կանգնեցնում, և ասում են՝ այ դուք պետք է հարգանք ցուցաբերեք։ Իսկ կա՞ր այդ պատգամավորների կողմից հարգանքի որևէ ցուցիչ՝ ոչ թե անձի նկատմամբ, այլ պետական ինստիտուտի նկատմամբ. կա՞ր, թե չկար»,-իր ասելիքը նման հարցադրմամբ ամփոփեց Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ լսումների ժամանակ իրավիճակը շիկացավ, միմյանց հետ վիճաբանեցին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: Հովիկ Աղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ կալանքը կիրառվում է որպես ճնշման միջոց։ Պատգամավորը միաժամանակ քննադատեց ՔԿ-ի և նրա նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատանքը:
Արգիշտի Քյարամյանն արձագանքեց. «Էս երկրի երեսին մեկը չկա, ով կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, և եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»:
Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Դուք ԱԺ-ում եք և այդ տղայական խոսակցությունը էստեղ չի անցում»:
Քյարամյանն էլ ասաց. «Տղայական չի, հանկարծ չորակեք իմ խոսակցությունը: Տղայականը ազդարարման համակարգին «գործ տալ» ասելն է»: Նա դիմեց Աղազարյանին՝ ասելով. «Խնդրում եմ՝ մեկնաբանեք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են ձեր տղայի հետ կապված քրեական գործով մեքենաները հենց նույն էդպիսի վարույթներով հետ վերադարձնելու վերաբերյալ»:
Աղազարյանն էլ բորբոքված արձագանքեց. «Պարոն Քյարամյան, ես չասացի՝ ինչու դուք իմ տղայի հետ կապված քրեական գործը չեք հասցնում մինչև վերջ, միգուցե պահում եք, որ հետո նվիրեք պարոն Լևոն Քոչարյանի՞ն:
Ես իմ տղային հրահանգել եմ, որ ինքը ոչ մի կոմպրոմիսի չգնա և թող գործը գնա դատարան: Հետևաբար, դուք, պարոն Քյարամյան, դուք ապացուցում եք իմ անհանգստությունը, որ դուք ճնշման միջոց եք օգտագործում կալանքը: Ի՞նչ է նշանակում՝ չկա մեկը, որ ինձ դիտողություն անի: Ձեր թաղը չի էստեղ, էստեղ ԱԺ է: Ի՞նչ է նշանակում՝ չկա մեկը, որ ինձ դիտողություն անի»:
Աղազարյանը նաև «արա»-ով դիմեց Քյարամյանին, ինչն վերջինս արձագանքեց. «Ոտքից գլուխ «արա» ես»:
Հիշեցնենք՝ տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։