Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Լավրովն այսօր Բաքվում կլինի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր երկօրյա այցով մեկնում է Բաքու:

Այցը նվիրված է անցյալ տարվա փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձին, գրում է azatutyun.am-ը։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարին կընդունեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպումների ժամանակ կքննարկվի երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրները, հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերին:

Այցի երկրորդ օրը Լավրովը ելույթ կունենա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստում։

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ հնարավոր է, որ կողմերը դիտարկեն հարաբերությունների կարգավորման շուրջ հայ – ադրբեջանական երկխոսության հետագա զարգացման հնարավորությունը՝ Մոսկվայի միջնորդությամբ։ Ավելի վաղ Լավրովը հաստատել էր ռուսական կողմի պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում։