Իրանցի պատգամավոր Ֆադահոսեյն Մալեքին բողոքել է, որ Ռուսաստանը հակասական քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարել է, որ աջակցում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, որը նախատեսում է առանց հայկական անցակետերի Ադրբեջանը կապել Նախիջևանի հետ։
Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին ասել է, որ Իրանն ակնկալում է, որ Մոսկվան կխուսափի պարադոքսալ պահվածքից Թեհրանի հետ հարաբերություններում։
«Իրանի դիվանագիտությունը վճռական պատասխան կտա ՌԴ նախագահի՝ «Զանգեզուրի միջանցքին» աջակցելու վերջին դիրքորոշմանը»,- հավելել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Իրանի ազգային շահերը կարմիր գիծ են, որը չի կարելի հատել որևէ սպառնալիքով։
Տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի երկակի ստանդարտները և «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ցանկությունը Մալեքին անվանել է «թիկունքից հարված», ինչը բացարձակապես անընդունելի է Իրանի համար։
Ընդգծելով Իրանի անհերքելի դերը տարածաշրջանային անվտանգության ստեղծման գործում և առանց Իրանի մասնակցության հարևան երկրների միջև բանակցությունների խոցելիությունը՝ օրենսդիրը հայտարարել է, որ Թեհրանը «վճռական արձագանք» կդրսևորի, եթե մարգինալացվի կամ սպառնալիք առաջանա իր սահմանների համար։
Ռուսաստանը կոշտ պատասխան ստացավ Իրանից Պարսից ծոցում իրանական երեք կղզիների նկատմամբ իր դիրքորոշումից հետո, սակայն կրկնում է նույն պահվածքը «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, ասել է Մալեքին։ Իրանցի պաշտոնյաները բազմիցս դեմ են արտահայտվել տարածաշրջանում միջազգային սահմանների կամ աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության: