Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ընտրություններով պետք է արձանագրվի 2026 թվականին. Փաշինյան

Հայաստանում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, եւ անցում է կատարվում դեպի իրական Հայաստանի գաղափարախոսություն: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հեր հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այդ գաղափարախոսությունը պետք է նախ ձեւակերպվի գրավոր ձեւով որպես փաստաթուղթ: Այդ ձեւակերպումը, որի վրա աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ, ես կհամարեի զրոյական կետ: Քանի որ դա զրոյական կետ է, մենք պետք է արձանագրենք, որ այդ կետում ՀՀ-ում այդ գաղափարախոսությունն ունի զրո համախոհ: Մենք այդ կետից պետք է սկսենք այդ համախոհության ձեւավորումը իրական Հայաստանի հայեցակարգի շուրջ:

Պարզ է, որ համախոհների թիվը զրո չէ, բայց ես ճիշտ եմ համարում, որ այսպես առաջ շարժվենք: Երբ որ այդ գաղափարախոսությունը գրավոր տեսք ստանա, օրինակ, ես ինքս ինձ պետք է արձանագրեմ որպես դրա համախոհ եւ այդ գաղափարախոսությամբ գնանք ժողովրդի մոտ ու համախոհություն ձեւակերպենք»,-ասաց Փաշինյանը:

Երկրորդ փուլը, ըստ նրա, պետք է տեղի ունենա այդ գաղափարախոսության նկատմամբ հանրային համախոհության ձեւավորման փուլը. «Եվ երրորդ փուլում այդ գաղափարախոսությունը պետք է քննություն բռնի 2026 թվականի հերթական ընտրություններում: Այո, առաջիկա քաղաքական շրջափուլը հենց ընտրություն է լինելու այս տրամաբանության մեջ: Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ընտրություններով պետք է արձանագրվի որպես ՀՀ-ում ժողովրդի եւ ՀՀ-ի պաշտոնական գաղափարախոսություն: Սա է իմ պատկերացումը: Իհարկե, վերջնական որոշումը կկայացնի ՀՀ քաղաքացին»:

Փաշինյանը հավելեց, որ պետք է ՀՀ քքղաքացիներին դարձնեն այդ գաղափարախոսության կրող եւ այդ կրող լինելը պետք է արտահայտվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. «Սա է այն պլանը, որ պատեհ առիթով կներկայացնեմ եւ ժողովրդին, եւ կառավարող մեծամասնությանը, եւ իհարկե ՔՊ-ին»:

Infoport