Եվրո-2020-ի եզրափակչի շրջանակում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Իտալիայի ընտրանու դեմ։
Հանդիպումն անչափ անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 2-րդ րոպեին Լյուկ Շոուն բացեց խաղի հաշիվը` առաջ մղելով Անգլիայի հավաքականին։
25-ամյա ձախ պաշտպանը «երեք առյուծների» կազմում խփեց իր առաջին գոլը, այլև դարձավ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչների շրջանակում գրանցեց ամենաարագ դարպասի գրավումը։ Շոուն գոլը խփեց 1:57-րդ րոպեին
Արագ բաց թողած գոլը կարծես սառը ցնցուղ լիներ Իտալիայի հավաքականի համար, որի ֆուտբոլիստները տևական ժամանակ ոչինչ չէիր կարողանում առաջարկել մրցակցին, իսկ անգլիացիները քիչ-քիչ սկսում էին սառեցնել խաղը։
«Սկուադրա աձուրան» ակտիվացավ միայն առաջին կեսի վերջնամասում, սակայն կիսագոլային պահերն այդպես էլ ոչինչ չտվեցին։
Կողմերն ընդմիջման գնացին «երեք առյուծների» նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ պատկերը նույնն էր. Ռոբերտո Մանչինիի սաները տարածքային առավելություն ունեին, սակայն Անգլիայի հավաքականը գերճշգրիտ էր պաշտպանվում։
Իտալացիներն իրենց ամենաիրական գոլային պահն ստեղծեց միայն 57-րդ րոպեին, երբ ձախ եզրով զարգացած գրոհից հարվածային դիրքում էր հայտնվել Լորենցո Իսնինյեն, սակայն նրա հարվածից հետո Անգլիայի հավաքականին փրկեց դարպասպաահ Ջորդան Պիկֆորդը։
62-րդ րոպեին Պիկֆորդը կրկին փայլեց. Ֆեդերիկո Կիեզան ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և քողարկված հարված կատարեց, սակայն 27-ամյա դարպասապահը մեծ դժվարությամբ փրկեց իր թիմին։
Ակնառու էր, որ Մանչինիի սաների գոլը հասունանում է, որը տեղի ունեցավ 67-րդ րոպեին. անկյունայինի խաղարկումից հետո Լեոնարդո Բոնուչին խառնաշփոթ իրավիճակում հավասարեցրեց հաշիվը։
Ոգևորված ձեռքբերածով` «սկուադրա աձուրան» 74-րդ րոպեին քիչ մնաց անցներ հաշվի մեջ. նպաստավոր դիրքում էր հայտնվել Դոմենիկո Բերարդին, սակայն մոտ տարածությունից նա բարձր հարվածեց։
Այդ դրվագից հետո Սաութգեյթի թիմը մասմաբ հանգստացրեց խաղը, սակայն «երեք առյուծների» խաղում չկար կրակ ու սրություն. կարելի է ասել, որ հանդիպումն սկսել էր ընթանալ իտալացիների սցենարով։
Որքան հանդիպումը մոտենում էր ավարտին, այնքան հավաքականներն սկսեցին գործել զգուշավոր, քանի որ խաղասեղանին Եվրոպայի չեմպիոնական գավաթն էր դրված ու բաց թողած գոլը ճակատագրական կարող էր դառնալ կողմերի համար. մրցակիցները պարզապես չէին ցանկանում ռիսկի դիմել։
Ի վերջո, հանդիպման հիմնական ժամանակում այլևս գոլեր չտեսանք, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ առաջին խաղակեսը հիմնականում անցնում էր հավսար և զգուշավոր պայքարում, իսկ կողմերի գրոհներն արդյունք չէին տալիս։
Խաղակեսի վերջնամասն անցավ «սկուադրա աձուրայի» առավելությամբ, սակայն «կապույտներին» չհաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։
107-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով փորձեց աչքի ընկնել Ֆեդերիկո Բերնարդեսկին, սակայն Անգլիայի հավաքականին փրկեց Ջորդան Պիկֆորդը։
Լրացացուիչ երկրորդ կեսն ավելի ակտիվ և հետաքրքիր պայքարում էր անցնում, որի շրջանակում Անգլիայի հավաքականն ուներ առավելություն և ճնշում էր մրցակցին, սակայն բանը գոլային պահերին չէր հասնում։
Լրացուցիչ ժամանակում նույնպես կողմերին բախտ վիճակված չէր կորզել հաղթանակ ու դառնալ Եվրոպայի չեմպիոն։
Հանդիպումը տեղափոխվեց 11-մետրանոց հարվածաշար, որի միջոցով հաղթեցին իտալացիները։
Այսպիսով, Իտալիայի հավաքականը հաղթեց 11-մետրանոցներով` դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն։