Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Իսրայելը մի բան է ասում, բայց երբեմն մեկ այլ բան է անում. Հռոմի պապ. Vatican News

«Ես անպայման կհորդորեի իշխանություններին թույլ տալ հոգևորականներին հոգ տանել կալանավորված միգրանտների  մասին», – ասել է  Հռոմի պապը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ Չիկագոյում կալանավորված կաթոլիկ ներգաղթյալներին արգելվել է մասնակցել Սուրբ Հաղորդությանը։

«Շատ դեպքերում նրանք երկար ժամանակով բաժանված են եղել իրենց ընտանիքներից։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում… բայց նրանց անձնական  հոգևոր կարիքների մասին  պետք է հոգ տանել»,-ասել է Հռոմի պապը։

Հռոմի պապ Լևոնը նաև մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև աճող լարվածության վերաբերյալ։

ԱՄՆ ծովային հետևակի ուժերը տեղակայվել են Վենեսուելայի ջրերի մոտ,  ինչը ԱՄՆ-ն անվանել է թմրանյութերի դեմ պայքարի գործողություններ։ Իսկ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այն որակել է որպես «ռեժիմի փոփոխություն պարտադրելու» պատրվակ՝ վենեսուելական նավթը զավթելու նպատակով։

«Ես կարծում եմ, որ բռնությունը երբեք հաղթանակ չի բերում», – ասել է Հռոմի պապ Լևոնը՝ նշելով, որ հենց նոր կարդացել է Վենեսուելայի ափերին մոտեցող ռազմանավերի մասին հաղորդագրությունները: «Գլխավորը երկխոսության որոնումն է, երկրների ներսում առկա խնդիրները լուծելու արդարացի ուղիներ գտնելը»:

Այնուհետև Հռոմի պապ  պատասխանել է  Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին, որտեղ հրադադարի համաձայնագիրը սպառնալիքի տակ է հայտնվել Իսրայելի նոր հարվածների և Արևմտյան ափի գյուղերի վրա  հարձակումների պատճառով։

«Խաղաղության համաձայնագրի առնվազն առաջին փուլը դեռևս ուժի մեջ է», – ասել է  Հռոմի պապը՝ անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Իսրայել-Համաս համաձայնագրին, նախքան խոստովանելը, որ հրադադարը «շատ փխրուն» է։

Նա ընդգծել է  «երկրորդ փուլին անցնելու անհրաժեշտությունը՝ անդրադառնալով կառավարմանը և բոլոր ժողովուրդների իրավունքների ապահովմանը»։

«Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի հարցը, որոնք միջազգային իրավունքի համաձայն անօրինական են, «իրոք բարդ է», – ասել է  Հռոմի պապը,- Իսրայելը մի բան է ասում, բայց երբեմն մեկ այլ բան է անում»։

Vatican News