Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Իսրայելական բանակը գրավել է Գազայի ամենամեծ հիվանդանոցի մի մասը և կոչ է արել ահաբեկիչներին հանձնվել

Իսրայելական բանակը հարձակում է սկսել Գազայի հատվածի ամենամեծ հիվանդանոցի վրա։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի «Ալ-Շիֆա» բժշկական կենտրոնը գրավելու մասին, ինչից հետո, ըստ Al Mayadeen-ի, հիվանդանոցի որոշ բաժանմունքներում կրակոցների ձայն է լսվել։

 «Իսրայելական բանակը ցամաքային գործողություն է անցկացնում Գազայում՝ ՀԱՄԱՍ-ին հաղթելու և մեր  պատանդներին փրկելու համար։ Իսրայելը պատերազմ է մղում ՀԱՄԱՍ-ի դեմ, այլ ոչ Գազայի խաղաղ բնակչության դեմ»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ըստ Al Mayadeen հեռուստաալիքի՝ Իսրայելի պաշտպանության բանակն այժմ վերահսկում է հիվանդանոցի վերգետնյա հատվածի մեծ մասը։ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաների խոսքով՝ գործողության նպատակը ՀԱՄԱՍ-ի կողմից միջազգային հիվանդանոցի անօրինական օգտագործումը դադարեցնելն է։

 «Իսրայելական պաշտպանության ուժերը ներգրավել են արաբալեզու բժշկական թիմերի, որոնք հատուկ վերապատրաստում են անցել՝ աշխատելու դժվարին պայմաններում, որպեսզի չվնասեն խաղաղ բնակիչներին, որոնց ՀԱՄԱՍ-ը օգտագործում է որպես կենդանի վահան», – ընդգծել է Իսրայելի պաշտպանության բանակը։

Իսրայելական զինվորականները նաև նշել են, որ Իսրայելի պաշտպանության բանակը նպաստել է հոսպիտալից խաղաղ բնակիչների լայնածավալ տարհանմանը և կոչ է արել «հիվանդանոցում գտնվող ՀԱՄԱՍ»-ի բոլոր ահաբեկիչներին հանձնվել: