Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իսկ միգուցե Ադրբեջանով Հայաստան ներմուծված ցորենն ապօրինաբար դուրս է բերվել Ուկրաինայից և միջազգային պատժամիջոցները շրջանցելու նպատակով վաճառվել է Հայաստանի՞ն

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը դիտարկումներ է անում Հայաստան ներկրված 4-րդ կարգի անասնակեր ցորենի ծագման և խնդրի հետ կապված այլ իրողությունների շուրջ.

Ըստ ռուսական և թուրքական լրատվամիջոցների, Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներմուծվել ՌՈւՍԱԿԱՆ ցորեն:

Ըստ ադրբեջանական, ղազախական և միջազգային լրատվամիջոցների, Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներմուծվել ՂԱԶԱԽԱԿԱՆ ցորեն:

Հայկական լրատվամիջոցները հիմնականում աշխատում են շրջանցել ցորենի ծագման վերաբերյալ տեղեկատվությունը, բավարարվելով միայն ցորենի Ադրբեջանի տարածքով Հայաստան ներմուծելու փաստով:

Դրանից հետո:

Ըստ ռուսական և ռուսամետ լրատվամիջոցների, Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներմուծվել և´ ՌՈւՍԱԿԱՆ, և´ ՂԱԶԱԽԱԿԱՆ ցորեն: Ընդ որում, ՌՈւՍԱԿԱՆ ցորենն ունի բարձր, ՂԱԶԱԽԱԿԱՆԸ` ցածր որակ:

Խճճվեցիք, չէ՞:

Ստացվում է` նույնիսկ այսպիսի պարզունակ խնդիրը մեզ հրամցվում է ծայրահեղ խճճված ձևով: Բա պատկերացնու՞մ եք, թե ինչպես են ներկայացվում լուրջ` Հայաստանի համար ճակատագրական նշանակության խնդիրները:

Հիմա միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացին ու՞մ հավատա` ռուսական ТАСС-ին և թուրքական Anadolu-ի՞ն, թե՞ գերմանական DW-ին: Կամ` ինչպե՞ս իմանալ, թե որ պետությունում է աճեցվել ցորենը:

Իսկ միգուցե, ըստ ТАСС-ի և Anadolu-ի, Ռուսաստանն ու Ղազախստանը մեկ պետությու՞ն են:

Իսկ միգուցե Ադրբեջանով Հայաստան ներմուծված ցորենը Ռուսաստանի կողմից ապօրինաբար դուրս է բերվել Ուկրաինայից և միջազգային պատժամիջոցները շրջանցելու նպատակով վաճառվել է Հայաստանի՞ն: