1975թ քարտեզ ասելով՝ մենք ի՞նչ ենք հասկանում. դա ԳՇ քարտեզներն են, որոնք կազմվել են 1974-78թթ. և 1979 թվականին մտել են ուժի մեջ, սակայն այդ քարտեզները միակ քարտեզները չեն, որոնք պետք է օգտագործվեն կամ կարծում եմ՝ կօգտագործվեն սահմանազատման գործընթացում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ համաձայնեցված քարտեզ չկա, թեև նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի համար ընդունելի է 1975թ քարտեզը։
Նա միաժամանակ նշեց, որ դեռ պայմանավորվածություն չկա, թե սահմանազատումը հաջորդիվ որ հատվածից պետք է իրականացվի։ Ըստ փոխվարչապետի՝ դա չի քննարկվել։
«Պայմանավորվածությունը համատեղ գործունեության ընթացքում եղել է այն, որ այս փուլում կանոնակարգը կանցկացնենք ներպետական ընթացակարգերը, ընդունելուց հետո կփոխանակվենք ծանուցումներով, որից հետո կհանդիպենք և կքննարկենք հետագա հատվածների հարցը»,- ասաց Գրիգորյանը։
Դիտարկմանը՝ կա՞ երաշխիք, որ Ադրբեջանն ավարտելու է այս գործընթացը, որովհետև Ադրբեջանը ևս պետք է հետ քաշվի մեր տարածքից, Գրիգորյանն արձագանքեց.
«Մենք բավականին երկար քննարկել ենք կանոնակարգի նախագիծ, հետո կանոնակարգը ստորագրել են: Ի՞նչ երաշխիքի մասին է խոսքը, դուք ո՞նց եք պատկերացնում, որը պետք է լինի երաշխիքը»:
Մհեր Գրիգորյանը միաժամանակ հավաստիացրեց՝ չեն շտապում, հանգիստ ձևով սկսել են գործընթացը, և այն տրամաբանությունը, որով շարժվում են, աշխատող տրամաբանություն է։
«Իսկ դուք ճշտե՞լ եք, թե Ադրբեջանում այս գործընթացը ո՞ր փուլում է, դե ճշտեք ուրեմն: Երբ մենք կավարտենք, ու պարզ կդառնա, որ մենք շտապողականություն ենք դրսևորում, իսկ դիմացի կողմը չի ավարտում, այդ ժամանակ շտապողականության մասին հարցը կտաք»:
Մհեր Գրիգորյանի խոսքով, հնարավոր չէ կանոնակարգում ֆիքսել կոնկրետ քարտեզ, որովհետև կախված նրանից, թե որ հատվածում է սահմանազատումն արվում, պետք է նշվի կոնկրետ քարտեզը, տարեթիվը, իսկ ԽՍՀՄ ԳՇ քարտեզները 1974-1979 թվականների են: