Մինչև հիմա՝ մասնավորապես ՏԻՄ ընտրություններին, անձնանունների օգտագործման բազմաթիվ դեպքեր են եղել. բազմաթիվ դաշինքներ են եղել, որ ընտրական գործընթացին մասնակցել են, և որևէ խնդիր չի եղել։ Այսօր ԱԺ դիմաց հրավիրված հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը։
«Անձնանունների հետ կապված՝ կան վիճելի որոշակի դրույթներ, որովհետև երբեմն որոշակի անուններ գործածվում են որպես անձնանուն, օրինակ՝ «Հայաստան»-ը և՛ պետության անվանում է, և՛ կնոջ։ Սա նաև Նիկոլ Փաշինյանի իրավունքներն է սահմանափակում։ Օրինակ՝ ինքը կարող է ասել՝ «Հերի՛ք է էլի, ես էս ժողովրդին տանջեմ» և ուզենա ստեղծել «Հերիքնազ» դաշինք։ Այդ դեպքում ի՞նչ է լինելու՝ այդ «Հերիքնազ» դաշինքը գրանցվելո՞ւ է, թե՞ չէ»,-հարց հնչեցրեց Էդգար Ղազարյանը։
Ըստ նրա՝ իշխանություններն ակնհայտորեն զգում են, որ պարտվում են մյուս առանցքային մրցակցին և թույլ չեն տալիս, որ այդ մրցակիցն իր նախընտրած ձևով մասնակցի այդ ընտրություններին»,-ասաց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանն ու Ալխաս Ղազարյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում։









