Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք: Շուտով իշխանությունը երեկվա ճռճռան շոուից բացի ստիպված կլինի իր 10-12% ընտրազանգվածին և հատկապես 88-90% ոչ իր ընտրազանգվածին հաշվետվություն և բացատրություն տա այն ամենի մասին, ինչը շրջանցվել է համաձայնագրում, բայց դարձել է համաձայնագրի լինելիության գրավական:
Որևէ մեկդ կասկած չունեք չէ՞, որ այն ինչ տեղ չի գտել համաձայնագրում և շրջանցվել է ավելի ավերիչ նշանակություն է ունենալու ՀՀ-ի համար, քան տեղ գտածը: Այդ ամենը դեռ պետք է հողի վրա անեն նրանք, ում այս երկրի բնակչության 80% չի վստահում: Նրա հետ փաստաթուղթ ստորագրողներն էլ գիտեն , որ նրա վիճակն իր երկրում էդպիսին է: Դրա համար էլ պոկում են այն, ինչ իրենց պետք է, քան տեսնում են մեկին ով պատրաստ է հանուն իր իշխանության իր երկրից պոկել տալ:
Փաստացի այն, ինչին Փաշինյանը սպասում էր, որպես վառելիք վերընտրվելու համար, ստացավ: Դա որևէ կերպ « Խաղաղության պայմանագիր չէ»: Այլ բան մինչ ընտրությունները նա չի ստանալու, սա էր պիկը: Մինչ ընտրություններ այդ «խաղաղությունն» այնքան է չարչրքվելու, շահագործվելու, գունազրկվելու, ջրազրկվելու, որ Փաշինյանը մաքսիմում ընտրաքվե քաշի իրեն տրված «խաղաղություն» կոչնակից:
Կքաշի, խնդիրն այն է թույլ կտանք քաշել, թե ոչ: Տիտղոսային թույլ չտվողներին հուշեմ՝ ձեզ հասցվել է ահռելի քաղաքական վարկանիշային հարված, ավելին, տեղին է, որ հասցվել է: Վերջին օրերին ձեր վարքը նայեք: Հայաստանի ոչ տիտղոսային, ակադեմիական, փորձագիտական, վերլուծական քննադատական ֆրոնտը մի քանի անգամ ավելի շատ գործ է արել ընդդիմադիր հանրության հետ, քան դուք: Դուք թողել եք ձեր պոտենցիալ ընտրազանգվածին մեն մենակ Փաշինյանական պրոպագադայի դիմաց:
Այնուամենայնիվ քաղաքական թայմինգը կարող է շատ կտրուկ աշխատել Փաշինյանի դեմ, երբ այդ պոստուլատը իբրև «խաղաղություն» սկսի խամրել, երբ ռեալ հողի վրա ցույց տրվի իրեն տրված այդ «խաղաղության» գինը, իսկ թուրքադրբեջանական ալյանսը պահանջի խոստացվածը: Գինը ահռելի է ՀՀ-ի համար և ոչինչ Փաշինյանի համար:
Խնդիրը շարունակում է մնալ նույնը կամ թույլ տալ, որ Փաշինյանը խժռի այս երկրի կենսական, անվտանգային, արժեքային, գոյաբանական շահերը այն վերածելով իր քաղաքական կենսունակության, վերարտադրության վառելիքի կամ դա թույլ չտալ հստակ հակափաշինյանական քաղաքականության, դիրքավորման, լիդերության առաջարկով այս հասարակությանը: Գործ է պետք անել: Փոխադարձ ներընդդիմադիր մեղադրանքները գործ չեն, գործ անելուց խոսողները քիչ:
Եվ վերջում, բոլոր նրանց ովքեր թույլ են տալիս նույն սխալը: Վերջ տվեք մեղադել այս ժողովրդին: Ես հասկանում եմ, որ քաղաքական դաշտ ներթափանցած ահռելի գործազուրկների զանգված կա ում քաղաքական ունակությունները ավարտվում են ժողովրդին մեղադրելով, բայց խորհուրդ եմ տալիս չանել դա , այս խորհուրդը ընդունեք որպես մասնագիտական խորհուրդ: Այս ժողովուրդը մեղավոր չէ, որ իրեն հետ չեն աշխատում, իրեն հետ ազնիվ չեն, իրեն այլընտրանք չեն առաջարկում, իրեն վիրավորում ու անհասկացող , անտարբեր են կոչում և սիրում են կեղծ:
Մեղավոր չի, որ քաղաքականություն ու առաջարկ անելու փոխարեն տարված եք ճիշտ լինելու, ձեր ճիշտը ապացուցելու տարերքով, կարծես դա է կարևորը: Դա չէ կարևորը, կարևորն այն է , թե ինչ եք առաջարկում, որ ձեզ հավատան ու ձեզ հետևեն: Վերջ տվեք այդ արատավոր պրակտիկային: Մի կրկնեք նույն սխալը, որ հետո չզարմանաք, թե ձեր կողմից անվանարկված ժողովրդին, ինչպես Փաշինյանը կոչեց «հպարտ» և տարավ նրանց ձայնը:
P.S.
Խաղաղությունը խաղաղություն, բայց արյունը ջուր չի դառնում, իսկ քաղաքականության մեջ սկիզբ և ավարտ չկա այլ կա ընթացք, որը չի ավարտվում և ոչինչ վերջնական չէ, ոչ հաղթանակը ոչ պարտությունը, ոչ էլ որևէ իշխանություն:
Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ