ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որն ԱԺ-ն ընդունեց առանց ՍԴ ուղարկելու և Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու։
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 24-ին խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ ԼՀԿ-ն հունիսին չմիացավ ՍԴ դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը՝ հայտարարելով, թե ՍԴ կդիմեն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստի ավարտից, այն է հուլիսի 7-ից հետո։ Նկատենք, սակայն, որ նիստը չկայացավ, Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող դիմումների հետ կապված որոշում ՍԴ-ն առ այսօր չի կայացրել։ Այսինքն՝ իրավիճակը հունիսի 24-ի համեմատության փաստացի չի փոխվել, մինչդեռ ԼՀԿ-ն հայտարարում է, որ դիմել են ՍԴ։
«Փաստինֆո»-ն մեկնաբանություն ստանալու համար դիմել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը։ Պատգամավոր Տարոն Սիմոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ որոշել էին հուլիսի 7-ից հետո դիմել, որովհետև իրենց համոզմամբ այդ գործն արհեստականորեն է բերվել և նշանակվել հուլիսի 7-ին և դրանով իսկ առաջացել է գործընթացը քաղաքականացնելու վտանգ. «Դրանով պայմանավորված՝ մենք նշեցինք, որ կսպասենք հուլիսի 7-ին քննվի, նոր մենք կդիմենք։ Այդ գործը մեր հաշվարկներով պետք է քննվեր աշնանը և արհեստականորեն դա առաջ բերելը մեր կարծիքով քաղաքականացված քայլ էր, ինչի պատճառով դիմումը մուտք չարեցինք ՍԴ, որպեսզի իրավական գործընթացը մնա իրավական գործընթաց։ Քանի որ հետագայում քվորում չեղավ, նիստ չգումարվեց և անորոշ ժամկետով հետաձգվեց, բնականաբար չէինք կարող անորոշ ժամկետով սպասել, որովհետև տվյալ գործով գործում է նաև հայցային վաղեմություն և այդ երեք ամսվա շրջանակներում ասացինք, որ կդիմենք, որովհետև այլևս խոչընդոտող հանգամանք չկա»,-ասել է Տարոն Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանի գործը դեռևս ՍԴ վարույթում է, պատգամավորը նկատել է՝ իրենք չեն կարող կոնկրետ գործով պայմանավորել ՍԴ-ի դիմումը.«Մենք դա պայմանավորել էինք նրանով, որ կոնկրետ գործն արհեստականորեն առաջ բերվեց և դրանով քաղաքականացնելու վտանգ առաջացավ։ Բայց չի կարելի ընդհանրապես ինչ-որ մի գործով պայմանավորել ՍԴ դիմել կամ չդիմելը։ Դա պայմանավորված էր նրանով, որ այդ գործն արհեստականորեն և քաղաքական մոտիվներով միգուցե առաջ բերվեց»,-հավելել է Տարոն Սիմոնյանը։