Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ դուրս է գալիս Հայաստանի դեմոկրատական կուսակցության շարքերից։ Լրագրողների հետ զրույցում Արզաքանցյանը նշել է, թե առաջիկայում ինչ քաղաքական որոշում կկայացնի:
«Ես բողոք չունեմ, միշտ որոշումներ եմ կայացնում։ Որոշեցինք, որ քաղաքական առանձին ճանապարհ կգնանք։ Հոկտեմբերի սկզբից դրա մասին կտեղեկանաք։ Մենք քաղաքականության հետ կապված տարբեր հայացքներ ունենք։ Զգացի, որ կուսակցության և մեր թիմի աշխատանքը չի ստացվում, որովհետև իսկապես տարբեր հայացքներ ունեն»։
Արզաքանցյանը կարծում է՝ ավելի արդյունավետ աշխատանք կարող են տանել տարբեր թիմերի հետ, սակայն փակագծերը չբացեց։ Արզաքանցյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ մեծ աշխատանք են արել գործընկերների հետ։
«Տեսնելով, թե ուր է գնում մեր երկիրը, իմ պարտքն եմ գտնում, որ պետք է իմ անմիջապես նվիրվածությունը ու մասնակցությունը ներդնեմ մեր հայրենիքի համար, մեր ժողովրդի համար ու մեր քաղաքական աշխատանքները կատարենք ու շարունակական լինի։ Մեր ընկերների հետ փրկենք, դուրս հանենք էս վիճակից»։
Արզաքանցյանը նշեց, որ իր համար կարևոր է երկրի անվտանգությունը։ Տնտեսության զարգացման համար կայունույթուն է անհրաժեշտ։ Ասում է՝ գործով պետք է ցույց տան, ինչպես պետք է փրկեն երկիրը։
«Իմ համար միշտ առաջնային է եղել հայրենասեր լինելը, մեր երկրի համար պիտանի լինելը, մանավանդ դժվար ժամանակներում, երբ թշնամին մեր սահմաններից ներս է մտել, լպիրշ ձևով է իրեն պահում ու դուրս չի գալիս, մեր ուժայիններն էլ իրենց պարտքը չեն կատարում։ Ուզում եմ, որ մենք մեր խմբով, կուսակցական ընկերների հետ հայրենասիրական աշխատանքներ կատարենք։ Պետք է թույլ չտանք գտնվել այս վիճակում։ Ճանապարհները փակում են մեր դիմաց, թշնամին դուրս չի գալիս, ում ուզում են գերի են վերցնում, երբ ուզում՝ բաց են թողնում։ Մեր ժողովուրդը պետք է անվտանգ երկիր ունենա»։
Օրերս պատրաստվում են նաև հրավիրել համագումար, կտեղեկացնեն հետագա քայլերի մասին։ Արզաքանցյանը նշեց, որ ստեղծել են արտախորհրդարանական 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով, կհամագործակցեն խորհրդարանում գործող հանձնաժողովի պատգամավորների հետ։