Zham.am-ը գրում է.
«Եվ այսպես, պարզվեց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև ընթանում է «թափանցիկ և բաց երկխոսություն», սակայն դրա մասին ոչ միայն դետալների, այլև վերջնական նպատակի մասին Ռուբեն Ռուբինյանը դեռ չի ուզում որևէ բան ներկայացնել հանրությանը: Ցանկացած բանակցություն ունի իր նպատակն և դրան հասնելու ուղին: Պարզվում է Ռուբինյանը նույնիսկ այդ նպատակի մասին ոչինչ չի ուզում խոսել: Ակամայից դա հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հանրահայտ դարձած այն ձևակերպումը, թե «…Ադրբեջանի հետ Արցախի շուրջ ի՞նչ ուզում բանակցում ենք, ձեզ ի՞նչ…»: Թե ինչպես ավարտվեցին այդ «բանակցությունները», այսօր բոլորիս համար է տեսանելի: Նույնը կատարվում է Թուրքիայի հետ բանակցային գործընթացում: Թե ինչ է բանակցում Ռուբինյանը ոչ ոք չգիտի, մինչև որևէ փաստ չարձանագրվի:
Ընդ որում Ռուբինյանը կրկնում է, թե իբր այդ բանակցությունները ընթանում են «առանց նախապայմանների»: Լրագրողի այն հարցադրմանը, թե այդ դեպքում ինչու են Թուրքիայի ներկայացուցիչները միշտ նշում, որ «իրենց ցանկացած քայլը Հայաստանի հետ կորդինացվում է Բաքվի հետ», Ռուբինյանը պատասխանում է կատարյալ ցինիկ ձևակերպմամբ: Ըստ նրա իրեն էլ դուր չի գալիս թուրքերի այդ ձևակերպումը, բայց պարզվում է իրենք՝ թուրքերը, Ռուբինյանին հավաստիացրել են, որ իրենք իր հետ բանակցում են «առանց նախապայմանի»: Այսպիսի ծաղր հայ հանրության հանդեպ չի եղել վերջին 30 տարվա ընթացքում: Ոչինչ որ Ռուբինյանը իր այս ձևակերպմամբ ծաղրում է իրենց «ժեխին»: Բայց նա ծաղրում է նաև հայ հանրության մեծ մասին: Քանզի, նույնիսկ վերջացած հիմարների համար էլ է պարզ, որ թուրքերը կանխամտածված են նման հայտարարությունով հանդես գալիս, որպեսզի հրապարակավ ձևակերպեն, որ իրենց բանակցությունները Հայաստանի հետ շաղկապված է Ադրբեջանի շահերի հետ:
Իրականում Ռուբինյանը գիտի, որ այդպես է, պարզապես նյարդայնանում է, որ պաշտոնական Անկարան բացահայտում է սույն հանգամանքը և թույլ չի տալիս, որ ինքը՝ Ռուբինյանը, խաբի հայ հանրությանը: Նման նվաստացուցիչ վիճակի մեջ հայ հանրությունը երբեք չի եղել վերջին 30 տարվա ընթացքում:
Իսկ երբ Ռուբինյանը սկսում է ճամարտակել այն մասին, թե իբր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ էլ է բանակցություն եղել Թուրքիայի հետ, ապա դրանով նա, փաստացի, վիրավորում է հայ ժողովուրդին, կասկածի տակ դնելով մեր ժողովրդի մտավոր կարողությունները: Այն, որ ներկայիս հայ հանրությունը, մեղմ ասած, թեր զարգացած վիճակում է գտնվում, անվիճելի է: Սակայն Ռուբինյանը կարծում է, թե դա նշանակում է, որ Հայաստանում մարդիկ կենդանիներից ընդանրապես չեն տարբերվում:
Սկսենք նրանից, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ բանակցել են ոչ պարտված վիճակում, երբ Արցախը և 7 շրջանները մեր վերահսկողության տակ էին: Այն ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչները խնդրում էին, ընդամենը մեկ շրջանի դիմաց ամբողջովին վերականգնել հայ-թուրքական հարաբերությունները: Այսօր 9-ը շրջան է հանձնվել, սակայն երկու տարի անց Ռուբինյանը խնդրում է թուրքերին, որպեսզի գոնե դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացվի:
«Հին» իշխանության ժամանակ, ավելի քան 10 հազար թուրք մտավորական ստորագրությամբ հանդես եկան Հայոց ցեղասպանության ճանաչման համար, իսկ թուրք ղեկավարները սկսեցին ընդունել, որ 1915-ին հայերի նկատմամբ եղել է «մեծ անարդարություն»:
Թուրքիայում սկսեցին բացահայտորեն խոսել Ցեղասպանության ճանաչման մասին և ոչ միայն հայերի կողմից:
Այսօր, «նոր» Հայաստանի ժամանակ, Թուրքիայում ոչ միայն սկսում են կրկին արգելել խոսել Ցեղասպանության մասին, այլև Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մակարդակով խոսվում է «Էնվերի հոգու փառավորման մասին», իսկ ներկայիս թուրքիայի ԱԳ նախարարը «Գորշ գայլերի» նշանով է հանդես գալիս: Այս ամենից հետո, մեր հանրության մեջ քանի հիմար հնարավոր կլինի գտնել, որոնք կհավատան Ռուբինյանի խոսքերին, որ իբր իր բանակցությունները թուրքերի հետ «առանց նախապայմանների է ընթանում»:
Այսքանից հետո Ռուբինյանը պետք է գոնե լռեր և հրապարակային խոսքով հանդես չգար: Սակայն ավաղ, ընդդիմության վերջին փողոցային գործընթացների պարտության արդյունքում ներկայիս իշխանության ներկայացուցիչների լեզուները երկարել են, ինչը հասկանալի է, սակայն հեռանկարային իմաստով արդարացված չէ:
Քանզի ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի և հանրությունը կգտնի իր այն ներկայացուցիչներին, որոնք կկարողանան դուրս բերել երկիրը այս ամոթալի և խայտառակ վիճակից:
Սա է իրականությունը»: