Մինչ Ադրբեջանը շարունակում է սադրիչ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, հուլիսի 28-ին հատկապես սրելով իրավիճակը, ռուսական լրատվամիջոցները նույն օրը համարյա միահամուռ անդրադարձել են Գյանջայում Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի մամուլի ասուլիսին, որտեղ վերջինս հայտարարել է, թե Թուրքիան եւ Ադրբեջանը բանակցություններ են վարում թյուրքական համատեղ բանակ ստեղծելու վերաբերյալ: Նա կարեւորել է նաեւ տնտեսական փոխգործակցության ուժեղացման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Թուրքական հերթական ստահոդ մեղադրանքներն ուղղելով Հայաստանի հասցեին, իբր վերջինս գնդակոծում է սահմանամերձ ադրբեջանական շրջանները, սպառնալիք ստեղծելով տարածաշրջանի խաղաղությանը, Մուստաֆա Շենթոփը, ըստ ԶԼՄ հաղորդումների, սպառնացել է, որ դա կարող է «առավել դառն հետեւանքների» հանգեցնել:
Թուրք խորհրդարանականը չի թաքցրել իր երկրի շահագրգիռ անհամբերությունը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված, ավելացնելով, թե hամապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերված, եւ յուրաքանչյուր կողմը պետք է իր խոսքը պահի:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ