Ադրբեջանի ՊՆ կայքը տեղեկություն է տարածել, որ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ՝ մարտավարական մակարդակով: Օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում կանցկացվեն համատեղ ցամաքային վարժանքներ:
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին պայմանավորվել էին դեռ այս տարվա փետրվարին, ավելին՝ Ալիևը հայտարարել էր, որ զորավարժությունների թիվն ավելանալու է:
Երկու երկրները համատեղ վարժանքներ նախկինում ևս կազմակերպել են: Ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ անց են կացնում 2014 թվականից, իսկ ցամաքային զորավարժությունները կազմակերպվում են Բաքվում և Նախիջևանում:
Նախորդ տարվա մայիսին անցկացվեց Բաքվի մոտակայքում գտնվող զորավարժարաններից մեկում «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունը, իսկ նույն տարվա հունիսին Նախիջևանում կայացել է «Անդրդվելի եղբայրություն–2019» համատեղ մարտավարական զորավարժությունը: