Իսկապես, բողոքները «Վեոլիա ջրից» և ջրամատակարարման հետ կապված, ահագնացող են. դրանք ունեն նաև սեզոնային բնույթ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
«Թող բացարձակ տպավորություն չստեղծվի, որ ես այստեղ կանգնած փորձելու եմ պաշտպանել «Վեոլիա Ջուր» ընկերության շահերը։ Այո՛, այդ պրոցեսի մեջ «Վեոլիա ջուր» ընկերությունն ունի մեղքի իր բավական լուրջ բաժինը, ինչի հետ կապված հանձնաժողովը ամենօրյա աշխատանքային ռեժիմով «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարության հետ աշխատում է և կատարում է համապատասխան գործողություններ՝ կանխարգելելու այդ ամեն ինչը, բայց օգտվելով առիթից, ուզում եմ հանրության լայն շրջանակներին հետևյալ ճշմարտությունը հասցնենք. «Վեոլիա ջուրը» ոռոգման և ջրամատակարարման համակարգի սեփականատերը չէ, դրա սեփականատերը պետությունն է:
Պետությունը ժամանակին մայր պայմանագրով եղած ֆիզիկապես մաշված համակարգը հանձնել է «Վեոլիա ջուր»ընկերությանը։ Սկզբում, երբ այդ համակարգը տրվել էր «Վեոլիա ջրին», կորուստները այդ համակարգում 80 տոկոսից ավելի էին, հիմա կորուստները կազմում են 55 տոկոս։ Իհարկե, դա ևս վատ ցուցանիշ է, որը լավացնելու համար պետությունը լրացուցիչ ֆինանսական միջոցներ պետք է սրսկի այդ համակարգ, որ կարողանան այդ կառուցվածքները վերակառուցել և կորուստների դեմը առնել։
Երկրորդ խնդիրը ջրամատակարարման ծավալների հետ է կապված։ Պատճառներից մեկը Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի թվի զգալի ավելացումն է։ Այս տարիների ընթացքում երևի հարյուրավոր շենքեր են կառուցվել Երևանում, բայց Երևան մուտք գործող ջրատարների քանակը չի ավելացել, ոչ էլ ջրի ծավալն է ավելացել։ Այսինքն այդ ավելացած շենքերը գումարվում են եղածին և բոլորը միասին օգտագործում են նույն ջրածավալը, հետևաբար ջրամատակարարման գրաֆիկը այս պատճառով ևս կրճատվել է։
Երրորդ հիմնական պատճառն այն է, որ Բազմաթիվ բնակավայրերում, որտեղ դեռ ոռոգման ջուրը հասանելի չէ կամ էլի ծավալների խնդիր կա, բնակիչները, գյուղացիները ստիպված իրենց այգիները, իրենց տնամերձ տարածքները ոռոգում են խմելու ջրով։
Չորրորդ հիմնական պատճառը այն է, որ վերջին տարիներին հիմնական ջրաղբյուրներում բնական ջրանկում ունենք, մոտ 20 տոկոսի չափով։ Եվ այս ամեն ինչով հանդերձ ստեղծվում է այս պատկերը։
Հիմա ինձ կարող եք հարցնել ՝լավ, խեղճ Վեոլիան ի՞նչ անի։ «Վեոլիան» խեղճ չի և անելու շատ բան ունի։ «Վեոլիան» գոնե սահմանված գրաֆիկները պարտադիր կարգով ապահովելու պարտավորություն ունի, վթարները արագ վերացնելու պարտավորություն ունի, քաղաքացիներին արագ և պատշաճ արձագանքելու պարտավորություն ունի»,– հայտարարեց Մեսրոպյանը։
Պաշտոնյան միաժամանակ ընդգծեց՝ թող տպավորություն չստեղծվի, թե «Վեոլիայի» դեպքում պետությունն աչք է փակում կամ լավ աչքով է նայում։