«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ օրենսդրական ծավալուն նախագիծ: Փոփոխվող առաջին հոդվածներն ընթերցելիս արդեն իսկ տպավորություն է ստեղծվում, որ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն ԸՕ-ն «ձեւում» է ամբողջությամբ իր «հագով», որպեսզի ընտրակեղծիքներն իրականացվեն օրենքի շրջանակներում, եւ խուսափեն հնարավոր տհաճ անակնկալներից՝ որեւէ կերպ չհանձնելով իշխանությունը։
Օրինակ՝ հետեւյալ հոդվածն են ներմուծում․ «Ոչ ոք չի կարող հարկադրել ընտրողին՝ բացահայտելու, թե ինչպես է ընտրողը մտադիր քվեարկելու կամ ինչպես է քվեարկել թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին»։
Մինչդեռ գործող օրենքում ճիշտ հակառակ ձեւակերպումն է տրված․ «Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին՝ քվեարկելու որեւէ թեկնածուի (կուսակցության), կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ, ինչպես նաեւ՝ հարկադրելու ընտրողին՝ մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին»:
Այս նախագծին առաջիկայում մանրամասն կանդրադառնանք: Նշենք միայն, որ իշխանական մեր աղբյուրները եւս փաստում են, որ ԸՕ-ն փոխելը մեկ նպատակ է հետապնդում՝ ապահովել ՔՊ-ական իշխանության վերարտադրությունը»: