ՀՀ արտգործնախարարության խոսնակը և ԱԽ քարտուղարն իրենց հայտարարություններով անուղղակի կերպով հաստատում են ռազմական էսկալացիայի հավանականությունը։ Էսկալացիայի հավանականությունը, սակայն, նախևառաջ հաստատում են Ադրբեջանի հայտարարությունները, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Դավիթ Հարությունովը։
«Ադրբեջանական կողմը տեղեկատվական պատերազմ է մղում, այսինքն՝ բավական երկար ժամանակ ինֆորմացիա է տարածում իբր տեղի ունեցող հրաձգությունների և սահմանային կրակոցների մասին՝ դրանով հող նախապատրաստելով ինչ-ինչ գործողությունների համար։ Մենք ականատես ենք, որ մարտի 16-ից ադրբեջանական կողմը կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը։
Իհարկե, դժվար է կանխատեսել, թե ինչ մասշտաբների գործողությունների մասին կարող է խոսք լինել՝ արդյոք լայնածավալ պատերազմ, լոկալ գործողություններ, թե պարզապես սպառնալիքներ պարունակող հայտարարություններ։ Ամեն դեպքում, ինչ էլ լինի՝ էսկալացիայի հավանականությունը մեծ է, և դրա հավանականությունը գնալով աճում է»,- ասաց քաղաքագետը։
Ըստ Դավիթ Հարությունովի՝ Ադրբեջանը հաշվարկել է, որ միջազգային հանրությունն զբաղված է իր խնդիրներով ՝ ԱՄՆ-ի քաղաքականություն այս պահին հստակ չէ, Եվրոպան զբաղված է սեփական անվտանգային մոդելի փոփոխություններով և ուկրաինական կոնֆլիկտով։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա նա այս պահին բավական թուլացած է, և մեծ է ռիսկը, որ կենթարկվի Իսրայելի և մինչև անգամ Միացյալ Նահանգների կողմից։
«Այս ամենը, կարծում եմ, դեր են խաղում Ադրբեջանի գործողություններում։
Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմի պաշտոնական հայտարարություններին, կարծում եմ՝ դրանք փորձ են ազդելու Ադրբեջանի վրա՝ առիթ չտալ նախահարձակ գործողությունների, ինչպես նաև միջազգային հանրությանը ևս մեկ անգամ հայտնել, որ պաշտոնական Երևանը չի պատրաստվում ինչ-որ ուժային քայլերի դիմել։ Հայկական կողմի հայտարարությունները նպատակ ունեն նաև ինչ-որ չափով լիցքաթափել իրավիճակը»,- ասաց մեր զրուցակիցը։
Ամփոփելով՝ Դավիթ Հարությունովը շեշտեց՝ չի կարծում, որ տարատեսակ հայտարարությունները ազդեն ադրբեջանական կողմի վրա, փաստացի կարող են ազդել միայն արտաքին միջամտությունները կամ հայկական կողմի՝ ցավոտ նոր զիջումների գնալը՝ միջանցքի տրամադրում, անկլավներ և այլն։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը օրերս արձագանքել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարություններին, որը կեղծ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի խախտումների և Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։
Անի Բադալյանը, մասնավորապես, նշել էր՝ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ երեկ վստահեցրել էր՝ եթե հարձակում լինի Հայաստանի վրա՝ Հայաստանի բանակը պաշտպանելու է Հայաստանի տարածքը։
«Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել խաղաղության օրակարգի ուղղությամբ, ՊՆ-ն հանձնարարական ունի՝ պահպանելու կայնություն, բնականաբար, ՀՀ ՊՆ-ն Հայաստանը պաշտպանելու է, այդտեղ որևէ հարց չկա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նա։