Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Զելենսկին Բայդենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցերը

Վլադիմիր Զելենսկին զանգահարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

«Ես խոսել եմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Դրական և ոգեշնչող խոսակցություն էր: Մենք քննարկել ենք ռազմական գործողությունների ընթացքը և Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները: Աշխարհը պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, քանի դեռ չեն վերականգնվել միջազգային նորմերը», – գրել է Զելենսկին բանակցություններից հետո:

Նա շնորհակալություն է հայտնել Բայդենին Ուկրաինային աջակցելու համար, մասնավորապես, Patriot համալիրների համար, որոնք հակազդում են ռուսական հրթիռների և անօդաչու սարքերի հարվածներին։

«Կարևոր է էլ ավելի մեծացնել Ուկրաինայի՝ մեր երկինքը պաշտպանելու կարողությունը», – գրում է Զելենսկին:

 Այս համատեքստում նա նաև շնորհակալություն է հայտնել կործանիչների կոալիցիային աջակցելու համար:

«Մենք քննարկել ենք պաշտպանական համագործակցության հետագա ընդլայնումը` շեշտը դնելով հեռահար զենքի վրա»,-հայտնել է Ուրկրաինայի նախագահը։

Ի դեպ, Ջո Բայդենն ասել է, որ Վագների ապստամբությունից հետո ինքը հանձնարարել է իր ազգային անվտանգության թիմին ամեն ժամ «զեկուցել» իրեն Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին և նախապատրաստվել տարբեր սցենարների։