Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Զգում ե՞ք, որ Ալիևի հանձարարած տնային աշխատանքը անում ենք բոլորովս. քաղաքագետ

Ին՞չ ու ինչքա՞ն է պետք հասկանալու համար մի պարզ ճշմարտություն, որ խաղաղություն բերում է ոչ թե ամեն գնով խաղաղություն բերող իշխանությունը, այլ պատերազմի պատրաստ պատերազմի իշխանությունը:

Աշխարհում միջուկային պատերազմ չկա և չի եղել դեռ միայն մեկ ուժով՝ միջուկային զենք ունեցողները զսպում են միմյանց միայն այն ուժով, որ պատրաստ են փոխադարձ ոչնչացման: Դա է խաղաղության ֆորմուլան, դա կոչվում է փոխզսպման քաղաքականություն:

Եթե որևէ՝ կուզեք արևմտյան, կուզեք արևելյան, կուզեք ասիական պետության իշխանություն խոսի նրա մասին, որ պատերազմի պատրաստ չէ և ուզում է խաղաղություն ունենալ իր երկրի նկատմամբ բոլոր հնարավոր և անհնար նկրտումներն ունեցողի հետ, ապա այդ երկրի ողջ իշխանությունը հավետ կմոռանա իր քաղաքական գոյության մասին, էլ չասեմ՝ քաղաքական ապագան: Կմոռանա, որովհետև ունի մեկ և անբեկանելի պարտականություն, որը ոչ թե խաղաղության քարոզ անելն է, այլ պատերազմի պատրաստ լինելը:

Եթե պատրաստ չէ, նշանակում է չի արել անհրաժեշտը՝ պատերազմը զսպելու համար, եթե չի արել, ուրեմն կամ պետք է գնա և թույլ տա, որ գան նրանք, ովքեր դա ունակ են անել, եթե դա էլ չի արել, ուրեմն արդեն անցել է հակառակորդի կողմը: Այլ ֆորմուլա աշխարհում չկա:

Ի՞նչ ենք անում մենք:

Զգում ե՞ք, որ Ալիևի հանձարարած տնային աշխատանքը անում ենք բոլորովս: Գիտեք՝ ինչո՞ւ բոլորովս, որովհետև այն ի սկզբանե չանելու փոխարեն «տնային աշխատանքի» քննարկումն ենք անում, վերլուծում, փորձում հասկանալ այդ դասը սովորելուց ու գրատախտակի մոտ պատասխանելուց հետո բավարա՞ր կստանանք, թե՞ անբավարար: Մինչդեռ Ալիևը հանձնարարել է մի «տնային աշխատանք», որի իմաստն ու նպատակը ոչ թե բավարար կամ անբավարար ստանալն է, այլ առհասարակ դպրոցից հեռացնելը՝ անկախ «տնային աշխատանքի» կատարողականից:

P.S.

Հենց այսպես քննարկում էինք մեկ այլ տնային աշխատանք, որի անունն էր «Մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»: Հասկացեք, այս «տնային աշխատանք» կոչված անեսթեզիան բուժման մասին չէ, այն անդամահատման մասին է:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքական վերլուծաբան