Զբաղվածության երկու նոր ծրագիր է ընդունվել. դրանք նախատեսված են օգնելու չորս խումբ մարդկանց ինտեգրվել աշխատաշուկային և հոգալու սեփական կարիքները։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ անդրադառնալով անապահով ընտանիքիների համար գործարկված նոր ծրագրերին։
Ըստ բանախոսի՝ ծրագրերն ուղղված են հետևյալ թիրախային խմբերին՝ չաշխատող-չսովորող երիտասարդներ, 30-40 տարեկան կանայք, մարզային բնակավայրերի աշխատունակ քաղաքացիներ և անապահովության գնահատման համակարգով անցած աշխատունակ քաղաքացիներ։
«Ուսուցման ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ ուսուցում, փորձի ձեռքբերում և աշխատավարձի մասնակի փոխհատուցում։ Այստեղ գործատուն է առաջարկում ուսուցումով աշխատանքի վերցնելու, պրակտիկայի կամ մասնակի փոխհատուցման մոդելը։ Ուսուցման պարագայում պետությունը հոգում է մինչև 5 ամիս տևողությամբ ուսուցումը և պետությունը գործատունի փոխհատուցում է ուսման ծախսը՝ մինչև 250 հազար դրամ, որից հետո գործատուն պարտավորվում է առնվազն 6 ամսով աշխատանքային պայմանագիր կնքել շահառուի հետ։
Երկրորդ բաղադրիչը հետևյալն է. եթե գործատուն կարծում է, որ շահառուին ընդամենն անհրաժեշետ են որոշակի փորձնական գիտելիքներ՝ աշխատանքի անցնելու, պրակտիկայի տարբերակն է ընտրվում։ Այդ պարագայում 6 ամսվա աշխատանքային պայմանագիր է ստորագրվում, որից 3 ամսվա համար պետությունը գործատուին փոխհատուցում է աշխատավարձը և հարկերը՝ 165 հազար դրամ։
Աշխատավարձի մասնակի փոխհատուցման պարագայում հետևյալ մոտեցումն է գործում. եթե գործատուն շահառուի հետ 6-11 ամսվա աշխատանքային պայմանագիր է ստորագրում, ապա պետությունը գործատուին փոխհատուցում է 6 ամսվա համար՝ յուրաքանչյուր ամիս 50 հազար դրամ՝ հարկերով։ Եթե 12 ամսից ավելին է, ապա 12 ամիս փոխհատուցվում է 75 հազար դրամ։
Առաջին փուլում այս ծրագիրը կիրականացվի 400 հոգու համար՝ Կոտայքի և Սյունիքի մարզերում»,- ասաց բանախոսը։
Ռուբեն Սարգսյանը հիշեցրեց՝ երկու ծրագիրն էլ բացառապես այն քաղաքացիների համար են, որոնք գնահատվել և անապահով են ճանաչվել անապահովության նոր ծրագրով։
«Երբ ծրագրերն այլ մարզերում ևս սկսենք կիրառել, շահառուներ կարող են հանդիսանալ այլ քաղաքացիներ ևս։ Մի կարևոր բան ևս՝ զբաղվածության ծրագրի ծանուցումներն ու առաջարկներն ամբողջովին կլինեն թվային համակարգով։
Բոլոր այն մարդիկ, որոնք ճանաչվել են անապահով, սակայն աշխատունակ են, կարող են հանդիսանալ այս ծրագրի շահառուներ։ Քաղաքացիները կարող են դիմել արդեն հաջորդ շաբաթվանից։ Բոլոր դեպքերում այսօրինակ ծրագրերը քննարկում ենք և՛ գործատուների, և՛ արհմիությունների հետ»,- ասաց նամախոսը։
Անդրադառնալով երկրորդ ծրագրին, որը վերաբերում է ծայրահեղ և չափավոր անապահով, սակայն աշխատունակ անձանց, պաշտոնյան նշեց՝ այս պարագայում առաջարկվում են ամսական վարձատրվող աշխատանքներ։ «Այստեղ, ի տարբերություն նախորդ ծրագրի, ոլորտային որոշակի ուղղություններ կան, որոնք, սակայն, մասնագիտական գիտելիքներ չեն պահանջում՝ խնամք, սպասարկում, անտառային տնտեսություն, սանմաքրում և այլն։ Այս ոլորտի գործատուներին երկու պահանջ ունենք՝ նա պետք է առնվազն երեք տարվա փորձ ունենա, մեկ տարվա ընթացքում առնվազն տասը հոգի աշխատող ունենա։ Պետք է լինի օրավարձ՝ 3500 դրամ։ Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ 3500 դրամ, այլ ոչ ավելին, որովհետև զուգահեռաբար պետությունը նպաստառուներին նաև տրամադրում է դրամական աջակցություններ։ Փորձում ենք մարդուն օգնել չկապվել նպաստի աջակցության հետ, այլ անկախանալ։ Այս ծրագրի համար նախատեսել ենք 350 շահառու»,- ամփոփեց Ռուբեն Սարգսյանը։