Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Երկրի առաջատար մարզաձևերից ըմբշամարտը «Ֆրանկոֆոնյան խաղեր 2027»-ի ցանկում չկա. պատասխանատուն սպորտի «մեծ գիտակն» է

Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարում է՝ հայկական սպորտում այլանդակություններ են տեղի ունենում։

Նա անդրադարձել է «Ֆրանկոֆոնյան խաղեր 2027»-ին, որն անցկացվելու է Երևանում։

«Քանի որ առնվազն վերջին 5 տարին Հայաստանը կանգնած է գոյաբանական վտանգի առաջ, ինքս հիմնականում խոսել եմ այդ մասին՝ գրեթե չանդրադառնալով հայկական սպորտում տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ այնտեղ, ինչպես և մնացած բոլոր ոլորտներում, այլանդակություններ են տեղի ունենում՝ չհաշված իմիտացիոն շարժումները՝ գեղեցիկ ֆոն ստեղծելու և վարկանիշ ապահովելու համար: 

Անդրադառնամ դրանցից մեկին, որն ունի միջազգային նշանակություն: 

2027թ ամռանը Երևանում անցկացվելու են 10-րդ Ֆրանկոֆոնյան խաղերը: Սպասվում է շուրջ 4000 մասնակից, ավելի քան 50 պատվիրակություն։

Հայկական կողմից գլխավոր պատասխանատուն (առնվազն դե ֆակտո), սպորտի «մեծ գիտակ», առհասարակ՝ «ամենագետ», Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավարն է: 

Հայկական կողմը ներկայացնողները Ֆրանկոֆոնյան խաղերի կազմ կոմիտեին առաջարկել են ներառել հետևյալ մարզաձևերը՝

 աթլետիկա,
 պարաաթլետիկա, 
 բրեյքդանս, 
 ծանրամարտ, 
 բասկետբոլ 3×3, 
 սայլակով բասկետբոլ
 ֆուտբոլ, 
 շախմատ, 
 ձյուդո, 
 սեղանի թենիս

Ինչպես նկատեցիք, երկրի առաջատար մարզաձևերից ըմբշամարտը ցանկում չկա: 

Բնականաբար, դա զարմացրել է մասնակից պետություններին, որոնցից շատերում ըմբշամարտը առաջատար դիրքերում է:  Նաև փորձում են հասկանալ, թե ինչու՞ է ընդունող կողմը կամավոր հրաժարվում մի մարզաձևից, որտեղ ամենից շատ մեդալներ կարող է նվաճել…

Ինչևէ, առաջարկում եմ ակտիվորեն անդրադառնալ այս հարցին և ջանք գործադրել՝ ըմբշամարտը վերադարձնելու խաղերի ցանկ, քանի դեռ ուշ չէ: 

Որպեսզի նախապես կանխեք հեքիաթասացությունը գլխավոր «հերոսի» կողմից, մի քանի պարզաբանում՝

միջազգային նման խաղերին ընդունող երկիրը կարող է առաջարկել իր համար առաջնահերթություն ունեցող մարզաձևերի ցանկ: Հիմնականում դրանք լինում են այն մարզաձևերը, որոնցում տվյալ երկիրն ուժեղ է: 

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ոչ մի առնչություն չունի որոշման ընդունման հետ: Ըմբիշներն էլ պատրաստ են պատվով ներկայացնել պետությունը: Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը ոչ մի առարկություն չունի խաղերի ծրագրում ըմբշամարտի ներառմանը: 

Դեռ ավելին՝ Հայաստանի պատկան մարմիններին այդ թեմայով ուղարկված նամակները մնում են կամ անպատասխան, կամ էլ ստացվում են ոչինչ չասող պատասխաններ…

Թեպետ խաղերին մնացել է 2 տարի, առայժմ գոյություն չունի նույնիսկ կապի հստակ գործող միջոց խաղերի կազմկոմիտեի հետ։

Խորհուրդ. կարող եք անիմաստ ժամանակ չծախսել ԿԳՄՍՆ-ի վրա: 
Հասցեատերը վերոնշյալ ՔՊ-ականն է»,- Facebook-ում գրել է Ջուլֆալակյանը։