Ջրի, հոսանքի և գազի՝ առանց զգուշացման անջատում պետք է լինի միայն այն դեպքում, եթե վթարային խնդիր է։ Այսինքն, եթե ի սկզբանե հնարավոր չէր կանխատեսել այդ անջատումը, ինչպես պլանային անջատումների ժամանակ են զգուշացնում, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով ջրի և հոսանքի՝ պարբերական բնույթ կրող անջատումներին։
Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ են այդ ընկերությունները տուգանվել՝ Բաղրամյանը պատասխանեց, որ տուգանքները վճարում են սպառողներին, և դա լինում է պարբերաբար.
«Մեր վարույթների արդյունքում ընկերությունները տուգանվում են միայն այն դեպքում, երբ մեր մոնիթորինգի արդյունքում տեսնում ենք, որ որևէ ընկերություն խախտել է ժամանակացույցը։ Օրինակ՝ քաղաքային պայմաններում էլեկտրաէներգիայի անջատումը պետք է 4 ժամից ավելի չլինի, իսկ եթե լինում է, ապա տուգանքը ստանում է անմիջապես տուժող սպառողը։
Մեզ մոտ բոլոր ահազանգերն ուսումնասիրվում են։ Ջրի ամենաերկարատև անջատումը եղել է Արզնու ջրատարի վթարի հետևանքով»։
Գարեգին Բաղրամյանը միաժամանակ ընդգծեց, որ առկա է գլոբալ խնդիր՝ ջրաղբյուրների ջրաքանակի՝ մոտ 20-30 տոկոս նվազում կա։
Գարեգին Բաղրամյանը շեշտեց, որ երեք օր ջուր չունենալը կանոնների խախտում է, և ընկերությունը պետք է տուգանվի։