2016-20 թթ․ պատերազմների ժամանակ նահատակված հայորդիների ծնողները, հարազատները, պատերազմի մասնակիցները ապրիլի 17-ին քայլերթով գնացել են Ծիծեռնակաբերդ` ի հավաստումն պահանջատիրության:
Մոմավառություն -երթը գլխավորում էր Արցախի հերոս Մենուա Հարությունյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։
«Մենք կոչ ենք անում միավորվել եւ միասնական ուժերով հաղթահարել դժվարությունները՝ հանուն մեր անցավորաց սրբազան հիշատակի ու հանուն այն սերունդների, որ պետք է հզորացնեն մեր հայրենիքն ու ապագան: Քանի որ մենք էլ մեր հերթին պետք է փոխանցենք այս հիշողությունը մեր զավակներին»,-ասել է Կարին Տոնոյանը:
Երթին մասնակիցները փաստեցին՝ ընդամենը 6 ամիս առաջ նոր ցեղասպանության զոհ դարձան 5000 և ավելի տղաներ, հիմա մեզ սպառնում են պարտադրել թուրքի հետ հաշտության պայմաններ, սպառնում են մեր Հայրենիքի ճանապարհները դարձնել թուրք-ադրբեջանական ազատանցումի մայրուղիներ, իսկ վաղը, երբ այդ ամենն արդեն կիրականացվի, ուշ կլինի դրա դեմ պայքարել։ Սա էր նաև պատճառը, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքն էին բարձրացնում ապրիլի 24-ից մեկ շաբաթ առաջ՝ մայրերի համահավաքով ու դեպի Ծիծեռնակաբերդ երթով:
«Վերջին անգամ դուրս ենք գալու պաշտպանելու մեր հայրենիքը, նախնիների կոչը։ Պետք է պայքարենք, մենք երբեք չենք հրաժարվելու պահանջատիրությունից։ Միշտ հիշելու ենք և պայքարելու, դրանով հասնելու ենք այն դռներին, որոնք փակ մնացին։ Աշխարհը պարտավոր է մի օր հզոր Հայաստանի ձայնը լսել։ Մենք միայն դրա համար ենք տվել մեր զավակներին»,- ասաց Կարին Տոնոյանը։
Նա Ծիծեռնակաբերդում կոչ արեց միավորվել՝ արժանի լինելու մեզ համար իրենց կյանքը տված զավակներին, միասնական աղոթքով միավորելով նրանց հոգիները՝ հանուն Անկախ Հայաստանի, հանուն արդարության: Ծիծեռնակաբերդում հնչեց նաև միասնական աղոթք Տեր Շահենի մասնակցությամբ:
ՓԱՍՏԻՆՖՈ