Ինձ ճանաչողները լավ գիտեն՝ ես այն մարդն եմ իմ կենսագրությամբ, որ եթե ես զգայի, որ իմ խղճի դեմ որևէ քայլ եմ կատարում, ես երբեք դրա տակ չէի մտնի, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսօր նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով հարցին, թե չի վախենո՞ւմ, որ հետագայում կարող է դատվել ՀԷՑ-ի հետ կապված իր որոշումների համար։
Դիտարկմանը, որ շատերը իրեն մեղադրում են քաղաքական հրահանգ կատարելու մեջ, նա նշեց.
«Այդ մարդիկ սխալ գնահատական են հնչեցնում. ես քաղաքական հրահանգներ չեմ կատարում, ես ԱԺ-ի կողմից ընդունված օրենքներով ինձ տրված բացառիկ լիազորությունների շրջանակում կատարել եմ գործողություններ։ Այդ գործողությունների հետ որոշակի հիմնավոր կասկածներ ես ևս ունեմ, բայց այդ մասին այս պահին ավել բան ասել չեմ կարող, որովհետև վարույթ կա հարուցված, և այդ հարցերի հիմնավոր ապացուցողական պատասխանները կլինեն վարույթի ավարտից հետո»։
Անդրադառնալով ՀԷՑ-ում Ռոմանոս Պետրոսյանի լիազորություններին՝ ՀԾԿՀ նախագահն ասաց՝ՀԷՑ-ը եռաշերտ կառավարում ունի՝ բաժնետերերի ժողով, տնօրենների խորհուրդ և գործադիր մարմին։
«Ռոմանոս Պետրոսյանն, ըստ էության, այս պահին հանդիսանում է գործադիր մարմնի ղեկավար։ Բայց մի կարևոր «բայց»-ով. ընդունված նոր օրենքի համաձայն թե՛ բաժնետերերի ժողովը, թե՛ տնօրենների խորհուրդը որևէ գործողություն իրավունք չունի անելու առանց համաձայնեցնելու ժամանակավոր կառավարչի հետ»։