Ես պաշտոնի համար նախկինների ու ներկաների հետ երբեք ճանապարհ չեմ գնա, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե 2026–ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ինքը ինչ քայլերի է գնալու, որ ուժերի հետ է համագործակցելու։
«Կառաջարկեմ բոլորին, որոնք տեսնում են այդ ամեն ինչը, ու իրենց ինչ-որ ոսկոր բերանները գցել են, ձենները կտրել են, ելեք, ազգը կործանվում է, ելեք, պաշտպանեք ազգը։ Հերիք է այսպես ամեն մեկս ստից գնանք ու յանի հեչ բան չգիտենք. ամեն ինչը լավ գիտենք։
Ինձ պետք է մի քիչ համբերել։ Ես կասեմ՝ ես առանձին կգնամ, թե չեմ գնա, թե որևիցե մեկին կպաշտպանեմ։ Հիմա պատրաստ չեմ պատասխանելու, բայց որ անպայման ազգային եմ լինելու, ազգի շահերը պաշտպանելու եմ, ու բոլորը դա տեսնելու են »,–ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նորից Կոմկուսի հետ գնա ընտրությունների, Գյումրիի քաղաքապետն արձագանքեց.
«Ինչի՞ ոչ, կոմունիստները սարքեցին այս երկիրը, կոմունիստներով խաղաղ էինք, կոմունիստներով այս երկիրը կառուցվեց։ Եկեղեցի քանդող կոմունիստների մասին չեմ խոսում։
Այո՛, պետությունը պետք է ունենա սեփականություն, ոչ թե ինչ-որ մի քանի հոգի պետությունից հարուստ լինեն։ Իսկ ինչի՞ պիտի պետությունը չհարստանա, ինչի՞ պիտի պետությունը ներկրում չանի, ինչի՞ պիտի զենքը պետությունը չներկրի, ինչի՞ պիտի բենզինը մի քանի մարդ ներկրի։ Մի քանիսը միլիարդատեր են դառել, չգիտեն ինչ անեն, իրենց շներին ,բռլյանտներով» են կերցնում, ժողովուրդը սոված մեռնում է։ «Ես»–ը փոխարինում ենք «Մենք»-ով»։
Ինչ վերաբերում է «Մեր ձևով» շարժման հետ հնարավոր համագործակցությանը, Ղուկասյանն ասաց.
«Մեր ձևով» շարժմանը հարգում եմ, հայոց ազգի համար առաջին բարերարների շարքին է դասվում տղեն, ազգի հետ կապված ինչ համահայկական գումար են հավաքել, ինքը մասնակցել է բոլորից շատ։ Բա նմանատիպ տղերքին, եթե մենք չենք հարգում, բա ո՞ւմ ենք հարգում։
Գեներալին չենք հարգում, հերոսներին չենք հարգում, բժիշկներին չենք հարգում, մանկավարժներին չենք հարգում, նախկիններին չենք հարգում, բա ո՞ւմ ենք հարգում։ Վիկտոր Համբարձումյանին չենք հարգում, Մեսրոպ Մաշտոցին չենք հարգում, սրանք ո՞ւմ են հարգում»,- հարց հնչեցրեց Ղուկասյանը։
Նա միաժամանակ վերահաստատեց՝ այո՛, իր ցանկությունն է, որ Հայաստանը միություն կազմի Ռուսաստանի հետ։
«Ոնց որ ամբողջ Եվրոպան է միություն կազմում, Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում։ Հայաստանը իրենից ի՞նչ է ներկայացնում, որ միություն չկազմի՝ բայց անկախ Հայաստանի պետականությունը պաշտպանելով։ Եթե դրա համար որևիցե մեկը ինձ վատ բան կասի, ուրեմն ես իրան կասեմ՝ թուրքահպատակ շան տղա։
Ես չեմ ասում, որ պիտի Պյատիագորսկի մարզ կամ Ուլյանովսկի մարզ դառնանք, ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իր օրենքներով, իր Ազգային ժողովով, իր կառավարությունով, իր նախագահով, իր ամեն ինչով միություն կազմի»,–ասաց նա։
Դիտարկմանը՝ եթե Վարդան Ղուկասյանը Եվրոպան համարում է գեյերի տեղ, ինչո՞ւ է Փարիզում վիրահատվել, ոչ թե Ռուսաստանի որևէ մարզում, նա արձագանքեց.
«Դա ի՞նչ ասելու բան է։ Հիմա եթե այնտեղ վիրահատվել ենք, մնացած բարքերը առ ոչի՞նչ է։ Եվրոպայում շատ հայեր են ապրում, ես իմ ազգի համար չեմ կարող նման բան ասել։ 90%–ը, այո, էդ սկզբունքով են ապրում, իսկ մի 10-20%–ի համար չեմ կարող ոչ մի վատ բան ասել։ Նման բան ասողները ուղղակի ջեբկիրներ են, թուրքահպատակներ են։ Մենք մեր ճիշտը ասում ենք, մեր ազգի համար ասում ենք և գիտենք, որ ինչ որ ասում ենք՝ լսվում է, տեսնվում է»։