Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մեկնարկի մասին կառավարության որոշումն ընդհանրապես որևէ կապ չունի Հայաստանի Հանրապետության և նրա՝ Եվրամիության անդամակցության հետ։ Սա հայտարարություն է՝ արված բացառապես ներքաղաքական նպատակներով, հասարակությանը հերթական պատրանքներով և երազանքներով խաբելու համար։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Չմոռանանք, որ Հայաստանն ի վերջո ոչ մի առումով Եվրոպա չէ։ Եվրամիությունը որևէ շահագրգռություն չունի մեզ նման ծանր վիճակում և վտանգավոր գոտում գտնվող երկիր ընդունելու իր կազմ։ Այլ բան, որ եվրոպական այդ կառույցը կխրախուսի Հայաստանի Հանրապետության իշխանությունների նման նախաձեռնությունը՝ այդ ձգտումն օգտագործելով սեփական շահերն առաջ մղելու համար։
Եվրամիության արձագանքը, վստահ եմ, դրական կլինի, բայց ոչ թե այն բանի համար, որ Եվրոպայում լրջորեն են վերաբերում այդ հարցին։ ԵՄ որևէ անդամ, վստահ եմ, իրատեսական չի համարում երբևէ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, բայց նրանք կփորձեն օգտագործել մեր դրական ընկալումները, մեր հասարակության սպասելիքները, որպեսզի դրանք օգտագործեն որպես խայծ՝ Հայստանը որպես գործիք օգտագործելու ԵՄ-ի շահերը մեր տարածաշրջանում առաջ մղելու համար։
Այսինքն՝ եվրոպացի պաշտոնյաները երբեք չեն ասի, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հեքիաթ է կամ պատրանք, այլ հակառակը՝ կխրախոիւսեն, կասեն՝ «Ապրե՛ք, շարունակեք ավելի վճռական լինել», որպեսզի դրանով ստիպեն Հայաստանին է՛լ ավելի կոշտ քայլերի գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու հարցում։ Նրանք դա կօգտագործեն՝ իրենց շահերից ելնելով՝ վստահ լինելով, որ Հայաստանը երբևէ ԵՄ անդամ չի լինելու»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Ըստ քաղաքագետի՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծն իրական օրակարգ չէ, այլ ընդամենը՝ ներքաղաքական քարոզչական օրակարգ։
«Նիկոլ Փաշինյանն ինքն էլ ասաց, որ իրենք նման որոշում ընդունում են՝ ցույց տալու, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան երկիր է, իսկ իրենք էլ ինչ ուզեն՝ կանեն։ Նրա ասածը բառացի սա էր նշանակում։ Այսինքն՝ Հայաստանի ԵՄ անդամակցությունը ոչ թե հստակ նպատակ կամ ծրագիր է, այլ միջոց՝ ցույց տալու, որ ինչ ուզեն՝ այդ էլ կանեն»,- նկատեց Արմեն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց՝ Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ նշանակվի հանրաքվե ու ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակցիների՝ սահմանված չափով «կողմ» ձայներ կստացվեն։
«Բայց նաև պետք է արձանագրել, որ այս օրենքի ընդունման պարագայում մենք պետք է գործողությունների որոշակի պատկերացում ունենանք՝ մինչև պոտենցիալ հանրաքվե անել-չանելու կետը։ Իմ պատկերացումն այն է, որ այս օրենքի ընդունումից հետո մենք ԵՄ-ի հետ պետք է քննարկենք ճանապարհային այն քարտեզը, որն իրենք են պատկերացնում ու որը մենք ենք պատկերացնում։ Մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք»,- ընդգծեց նա։
Նախագիծը կառավարության կողմից արժանացավ հավանության, այն կուղարկվի Ազգային ժողով։