Չնայած Եվրամիությունը (ԵՄ) ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի և ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցներ է կիրառում՝ Թուրքիան շարունակում է ավելացնել վերջիններիս հետ համագործակցության ծավալները։ Այդ իսկ պատճառով թուրքական ընկերությունները ևս կարող են հայտնվել եվրոպական պատժամիջոցների տակ։Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական ծառայությունների, ֆինանսական կայունության և կապիտալ շուկաների միության ներկայացուցիչ Մեյրիդ Մաքգիննեսը Անկարայում հանդիպել է կառավարության անդամների և գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ, տեղեկություններ հաղորդել նոր պատժամիջոցների վերաբերյալ։ Վերջինս հավելել է, որ Բրյուսելն օրակարգ է բերում իր զգուշացումները։Մաքգիննեսը, ԵՄ դեսպանների՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ համաձայնության գալու 1 օր անց կապվել էր պաշտոնական Անկարայի հետ և հանդիպել Առևտրի նախարար Մեհմեթ Մուշի, Ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթի և Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջըօղլուի հետ։Այցից հետո Մաքգիննեսն իր Twitter-յան էջում գրառում է արել՝ նշելով․ «Առիթ եղավ փոխանցելու, որ մենք խիստ կենտրոնացած ենք Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցների կիրառման և խարդախ ճանապարհով շրջանցումն արմատախիլ անելու անհրաժեշտության վրա»։