«Հրապարակ» թերթը գրում է. «Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին հուլիսի 4-ին ԵՄ դեսպանին էր փոխանցել ոստիկանական բռնության հետեւանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը։ «Սա ծանրագույն անհարգալից վերաբերմունք է ՀՀ արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ։ Ի նշան բողոքի, ես՝ Բորիս Մուրազիս, որպես ՀՀ քաղաքացի, Վասիլիս Մարագոսին իր պատկերացրած «ժողովրդավարության» սիմվոլն եմ նվիրել՝ ոստիկանական բռնության հետեւանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը»,- նշել էր նա։
Մենք տեղեկացանք, որ ԵՄ դեսպանը, այս ակցիայից հետեւություն անելու փոխարեն, դիմել է ոստիկանություն, եւ 3 շաբաթ անց` երեկ, Մուրազիին ոստիկանություն են հրավիրել` բացատրություն տալու:
Մեզ հետ զրույցում Մուրազին նշեց, որ չի պատրաստվում ներկայանալ ոստիկանություն. «Ոստիկանություն չեմ գնացել, մանրամասներին չեմ տիրապետում, միայն գիտեմ, որ ԵՄ դեսպանությունը, որպես բողոք, ոստիկանություն է դիմել, սակայն քանի դեռ գրավոր ծանուցում չեմ ստացել, չեմ պատրաստվում ներկայանալ: Կարծում եմ` եթե ոստիկանությունը շարժվում է օրենքով, ապա պետք է հասկանան, որ ես այնտեղ անելիք չունեմ, քանի որ իմ գործողությունները տեսել են բոլորը: Որեւէ հանցագործություն տեղի չի ունեցել, եւ որեւէ մեկի իրավունքները ԵՄ դեսպանատանը չեն խախտվել, ո՛չ ԵՄ դեսպանության դուռն է կոտրվել, ո՛չ էլ նման մի բան»:
Իսկ ո՞րն էր այդ ակցիայի նպատակը, ինքն ի՞նչ է տարել դեսպանություն։ «Սիմվոլը եղել է պլաստմասսից, հաստատ՝ ինչ-որ մեկի ձեռքը չի եղել, եւ քանի որ դրանից մեկ օր առաջ ԵՄ դեսպանը ժողովրդավարության մասին ֆորումի ժամանակ խոսել էր Հայաստանի չեղած ժողովրդավարության մասին` գովեստի խոսքեր շռայլելով, այն դեպքում, երբ մի քանի օր առաջ քաղաքացին կորցրել էր իր դաստակը` ոստիկանների բիրտ ուժի հետեւանքով, այդ պատճառով էլ, որպես հիշեցում, նման ակցիա էի իրականացրել»: