Ես բացարձակապես չեմ վրդովվում, չեմ նեղսրտում մեզ ապաշխարելու կոչ անելու որևէ մեկի հորդորից, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ապաշխարելու կոչերին:
«Եթե որևէ մեկը մտածում է, որ ես հրեշտակ եմ, ես իրեն պիտի հուսախաբ անեմ: Եթե որևէ մեկը մտածում է, որ ես անսխլական եմ, իրեն էլ խոր հուսախաբություն է սպասում: Իմ կողմից էլ բազմաթիվ սխալներ են թույլ տրվել, սայթաքումներ են եղել, բայց խնդիրը բոլորովին այլ է: Լինել մեղավոր, չի նշանակում կորցնել իրավունքը հանրային վտանգավորության, ճակատագրական սպառնալիքներ պարունակող խնդիրների վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելուց և դատապարտելուց: Դա արել ենք ամեն մեկս և անելու ենք:
Մեր եկեղեցում չկա մի սուրբ, որի կյանքում, կենսագրության մեջ եղած չլինեն սև կետեր, բայց մարդու, քրիստոնյայի առաքելությունն այն է, որ այդ սև կետերը իրեն չպետք է կասեցնեն խոսելու համար այնպիսի ահռելի երևույթների մասին, որոնք համընդհանուր վտանգավորություն ունեն և գոյաբանական խնդիրներ են պարունակում իրենց մեջ:
Մենք կապաշխարենք, մենք ունկնդիր ենք իրենց հորդորին, բայց մեր ապաշխարությունը բացարձակապես չպետք է մեկնաբանել այնպիսի իմաստով, որ մենք պետք է զերծ մնանք այնպիսի երևույթների մասին խոսելուց, որոնք համընդհանուր, համահասարակական ճգնաժամ և արհավիրք կարող են ստեղծել»,- ասաց հոգևորականը: