Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հարևաններ են, և հարաբերությունների կարգավորման և զարգացման նոր էջ է բացվում։ Թուրքիան քաջալերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը. բոլորս էլ օգուտ կքաղենք խաղաղությունից, որովհետև դա կարոևր է ոչ միայն երկրների համար, այլև ամբողջ Հարավային Կովկասի։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում» սեմինարին մասնակցող Թուրքիայի ներկայացուցիչ Ֆաթմա Աքսալը։
«Եթե երկրների միջև խաղաղություն հաստատվի, այն կտարածվի ամբողջ աշխարհում, և եթե խաղաղություն կա աշխարհի որևէ հատվածում, այն կտարածվի նաև աշխարհի մեկ այլ հատվածում»,- ասաց նա։
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման թեմային՝ Ֆաթմա Աքսալը հույս հայտնեց, որ այն մի օր գուցե բացվի։
«Հույս ունենք, որ սահմանի բացումը տեղի կունենա հնարավորինս շուտ։ Հիմա արդեն ունենք թռիչքներ, փորձում ենք ավելացնել դեպի Թուրքիա ուղիղ չվերթների թիվը։ Այս պահին դեռևս երկխոսություններ են տեղի ունենում։ Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և լավ հարաբերությունների հաստատումը երկուստեք շատ կարևոր է, և Հայաստանն ունի հնարավորություն հաստատելու խաղաղություն այդ երկրների հետ, բայց մենք չունենք որևէ պայման, որի պարագայում կբացվի սահմանը։ Այս պահին երկխոսության գործընթաց է տեղի ունենում, և հուսով ենք՝ ամեն բան շուտով կլինի։ Բայց պայման չկա։
Մշտական խաղաղությունը կտարածվի, քանի որ, գիտեք, Ուկրաինայում, Գազայում պատերազմներ են, և Հայաստանը, Ադրբեջանն ու մեր տարածաշրջանը կարող են լինել լավ օրինակ մյուս երկրների համար»,- ասաց Թուրքիայի ներկայացուցիչը։
Հարցին՝ ինչպիսի՞ն է Թուրքիայի դիրքորոշումը ԱՄՆ-ի միջնորդությամբ ձևավորված Թրամփի ուղու նկատմամբ, և արդյուք Թուրքիայի համար ընդունելի է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, Ֆաթման Աքսալը պատասխանեց՝ այդ ուղին շատ կարևոր է առևտրի և լավ հարաբերությունների ամրապնդման համար։
«Ուղիները շատ կարևոր են։ Ես քաջալերում եմ. դա կարող է նպաստել երկրների միջև և՛ առևտրին, և՛ տնտեսական զարգացմանը։ Իհարկե, մենք պատրաստվում ենք օգտագործել այդ ուղիները, հակառակ դեպքում չէինք քաջալերի, քանի որ, ինչպես նշեցի, Թուրիքան ևս պատրաստվում է օգտվել այդ ամենից։ Միայն Հայաստանը չէ, որ օգուտ է քաղելու այս ապաշրջափակումից»,- ասաց Թուրքիայի ներկայացուցիչը։
Հաջորդ հարցին՝ ի՞նչ երեք կարևոր կետ է շահում Թուրիքան խաղաղության համաձայնագրի կնքումից և հայ-թուրքական սահմանի բացումից, Ֆաթման Աքսալը պատասխանեց՝ Թուրքիան արժևորում է ընձեռնված հնարավորությունը, որովհետև Հայաստանը և Թուրքիան օգուտ են քաղելու խաղաղությունից։
«Կարող եմ նշել տնտեսական օգուտը։ Թուրքիան ևս ունենալու է տնտեսական կապեր, ինչպես նաև առևտրի զարգացումը մեծ դեր է խաղալու այս գործում։ Թուրքիան նաև կարող է կապող կամուրջ լինել արևելքի ու արևմուտքի միջև, քանի որ Հայաստանը կարող է կապել Եվրոպային։ Թուրքիան կօգնի Հակաստանին, որպեսզի Եվրոպայի հետ կապն ավելի ուղիղ լինի։ Բացի այդ, Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ կետ էներգետիկ ոլորտում, օրինակ՝ գազի մատակարարման համար»,- ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է Հայաստանը ճանապարհն անվանում «Թրամփի ուղի», այնինչ Ադրբեջանն ու Թուրքիան անընդահատ օգտագործում են «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Նաև հարց ուղղեցին թուրք պաշտոնյային՝ արդյոք սրանով Ադրբեջանը տարածքային պահանջներ չի ներկայացնում Հայաստանին։
«Ո՛չ, դա տարածքային պահանջ չէ։ Ոչ մեկ չի կորցնում խաղաղությունից, և ոչ ոք դեռ չի շահել պատերազմից, և մեր կառավարությունների միջև կապերը, երկխոսությունները շատ կարևոր են։ Եկեք սպասենք և լինենք լավատես, որպեսզի երկրների միջև խաղաղություն հաստատենք։ Ես չեմ կարող շատ մանրմասներ նշել, քանի որ մանրմասներ չգիտենք։
Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսություններ են ընթանում, և եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման գործին»,- ամփոփեց Ֆաթմա Աքսալը։