Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Եթե համընդհանուր բոյկոտը կայանա, քաղաքային իշխանությունը ստիպված է լինելու վերանայել իր որոշումը. Անդրանիկ Թևանյան

Մենք համոզված ենք՝ եթե քաղաքացիները որոշեն, որ չեն համակերպվելու տրանսպորտի թանկացման հետ, ապա այդ թանկացումը կչեղարկվի։ Իսկ նրանք, ովքեր պատրաստ են վճարել 150 դրամ, պետք է հասկանան, որ այդպիսով ճնշում են գործադրում նրանց վրա, ովքեր այդ հնարավորությունը չունեն։ Մենք քաղաքացիներին կոչ ենք անում միասնաբար բոյկոտել, և եթե համընդհանուր բոյկոտը կայանա, քաղաքային իշխանությունը ստիպված է լինելու վերանայել իր որոշումը»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Քաղաքային իշխանություններն ունեն 8-10 տոկոս աջակիցներ, բայց քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը.  երբ տրանսպորտ ենք մտնում, շատերը հայտնում են, որ չեն վճարել»,-հավաստիացրեց Անդրանիկ Թևանյանը։

Ըստ նրա՝  քաղաքացիների պահանջը լեգիտիմ է. 17 հազար քաղաքացի մասնակցել է տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպված ստորագրահավաքին։

«Քանի դեռ այդ հարցը չի մտել Երևանի ավագանու օրակարգ, իսկ այն վաղ թե ուշ մտնելու է, որովհետև դա օրենքի պահանջ է, լեգիտիմ է բոյկոտելը, չվճարելը։ Եթե քաղաքային իշխանությունը չընդունի նախագիծը, որի տակ կա 17 հազար քաղաքացու ստորագրություն, մենք շարունակելու ենք պայքարը։

Հաջորդ փուլը Երևանում գրանցված և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 10 տոկոսի ստորագրության հավաքումն է, ինչից հետո հարցը կդրվի հանրաքվեի»,-նշեց Անդրանիկ Թևանյանը՝ հավելելով, որ երևանցիները պետք է որոշեն՝ համաձա՞յն են շարունակական թանկացումներին։

Թևանյանը նշեց՝ իրենք ապավինում են քաղաքացիների միասնական գործողություններին։
«Վաղ առավոտից ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները տարբեր խմբերով շրջել են քաղաքում, ավտոբուսներ նստել, և քաղաքացիների հետ միասին բոյկոտել թանկացումը»,- ասաց նա։