Երեքշաբթի, 25 Օգոստոս, 2026

Եթե Գարեգին Բ-ն ընդունի ՀԱԵ բարենորոգման օրակարգ, կնստեմ ու իր հետ ամենայն հարգանքով կքնարկեմ այդ օրակարգը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ պատրաստ է Գարեգին Բ կաթողիկոսի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը, եթե վերջինս ընդունի այդ օրակարգը։

«Եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանն ընդունի Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգ, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ ես կնստեմ ու իր հետ ամենայն հարգանքով կքնարկեմ այդ օրակարգը։ Ես երբեք չեմ ասել, որ կան մերոնքականներ և կան  ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարող է բարեվարքության կանոնները պահել, մյուս մասը չպահել։

Հայ Առաքեալական Եկեղեցու բարեներոգման օրակարգը հստակ ձևակերպված է՝ բարեվարքության կանոններ և այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ։ Մենք ո՞նց կարող ենք հանդուրժել, երբ մեր սրբության սրբոցն ախտահարված է։ Եկեք ամեն ինչ մի կողմ դնենք՝ ուզում եք Վեհափառ ասենք, ուզում եք Գարեգին Բ ասենք, ուզում եք Կտրիճ Ներսիսյան ասենք, այդ ամենից անդին կան փաստեր, որոնց մասին գիտի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր հավատացյալ»,- ասաց  Փաշինյանը։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի քաղաքացիների 97 տոկոսը հավատում է եկեղեցուն՝ Փաշինյանն ասաց.

«Ընդդիմության ներկայացուցիչն ասում է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 97 տոկոսը հավատում է եկեղեցուն։ Իհարկե, հավատում է, պրոբլեմը հենց այդտեղ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 97 տոկոսը հավատում է, իսկ եկեղեցու գլուխը չի հավատում Աստծուն ընդհանրապես, ինքը հոգևոր կյանք չունի, ինքը ժխտել է Աստծո հետ իր ուխտը, և այդ ուխտադրժությունը փաթաթված է բոլորիս վզին։ Ես պատրաստ չեմ այդ ուխտադրժության պատասխանատվությունը կրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կիսվել