Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաուման և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան այսօր՝ նոյեմբերի 17-ին, համատեղ այց են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում տեղակայված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
Մարզի և համայնքի ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց է կատարվել կացարանում, առանձնազրույցներ են տեղի ունեցել բռնի տեղահանված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման հետ կապված հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել խոցելի խմբերի, այդ թվում` երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակին։
Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին, ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին ներկայացրել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման ընթացքում իրենց կրած զրկանքները, իրավունքների համատարած խախտումները, կյանքի և անվտանգության տեսանկյունից ի հայտ եկած իրական սպառնալիքները և բռնի տեղահանման հետևանքով առաջացած խնդիրները։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Այցերը կրում են շարունակական բնույթ: