Դպրոցներում դասերը 8.30-ից շուտ սկսելը բացասաբար է ազդում երեխաների հոգեկան առողջության վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Եթե որոշ երկրներում դասերը սկսում են 8-ին, չի նշանակում, որ ճիշտ են անում։ Այդ երկրները պարզապես զոհաբերում են իրենց երեխաների առողջությունը բիզնեսի շահերին։ Այսինքն՝ դպրոցի ժամերը հարմարեցնում են աշխատանքային ժամերին։ Ի դեպ, Էստոնիան, որը Եվրոպայի լավագույն դպրոցական համակարգերից մեկն ունի, այս սեպտեմբերից դասերը սկսելու է 9.00-ին՝ 8.30-ի փոխարեն։ Երևանի դպրոցական երեխաների առյուծի բաժինը չի երթևեկում, հաճախում է հարևանությամբ գտնվող դպրոցը։ Խցանումներից խուսափելու համար, մենք հարվածի տակ ենք դնում երեխաների հոգեկան առողջությունը։ Էստոնիան հայտարարել է, որ դասերը ուշ սկսելու նպատակը երեխաների հոգեկան առողջությունը պահպանելն է։ Նախորդ փոստում բերել եմ որոշ գիտական հիմնավորումներ»,- գրել է Սերոբ Խաչատրյանը։
Նշենք, որ երեկ ԿԳՄՍՆ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի սեպտեմբերի 1-ից դպրոցներում դասերը սկսվելու են 15 րոպե շուտ՝ ժամը 8.15-ին։