Հիմնական հետևությունը, որը Գյումրու ընտրություններից հետո պետք է անի իշխանությունը, այն է, որ հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելով և նախկիններին դեմոնիզացնելով՝ այլևս հնարավոր չէ հաղթել ընտրություններում։ Այդ հին քարտը, որը շատ հաջող խաղարկվել է 2018-ին և 2021-ին, այլևս չի աշխատում առնվազն Երևանում, որտեղ իշխանությունը մազի վրա է ընտրվել ՝շնասերների օգնությամբ։ Գյումրիում այդ խաղաքարտն ընդհանրապես չի աշխատել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ այս ամենն ստեղծում է մի իրավիճակ, երբ 2026 թվականի համապետական ընտրություններին կարող է ձևավորվել նոր դաշինք, ինչի արդյունքում ՔՊ-ն խորհրդարանում մեծամասնություն չի կազմի։
«Այսինքն՝ նախկին ուժերը, օգտագործելով իրենց ֆինանսական ռեսուրսները, կարող են տարբեր ձևաչափերով միանալ և ԱԺ-ում մեծամասնություն կազմել։ Այդ վտանգն այս պահին առկա է, և այդ վտանգը հնարավորինս չեզոքացնելու ուղղությամբ ՔՊ-ն մեծ աշխատանք ունի անելու։ Վարդան Ղուկասյանի քաղաքապետությունը ես այս ռակուրսում եմ դիտարկում։
Ըստ էության ՝Գյումրու քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ֆինանսական ռեսուրսները շարունակում են ընտրությունների հարցում վճռորոշ լինել։
Այդ ռեսուրսները կենտրոնացված են այսպես կոչված նախկինների ձեռքում։ Սա շատ մեծ բաց է՝ առաջին հերթին իշխանության համար, որովհետև իշխանությունն իր գործառույթները, մեղմ ասած, լավ չի կատարում, երբ թույլ է տալիս, որ ֆինանսական հոսքերը լինեն անվերահսկելի, և Վարդան Ղուկասյանի նման մարդիկ այդ հոսքերի, իրենց հին կապերի օգտագործմամբ կարողանան դառնալ քաղաքապետ»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։
Դիտարկմանը, որ ընտրությունների արդյունքներն ի վերջո վկայում են գյումրեցու ազատ կամարտահայտության մասին, քաղաքագետը համաձայնեց՝ նշելով, որ քաղաքացու կամքը ամենավճռորոշն է ընտրություններում։
«Քաղաքացու կամքը զրոյական չէ, քաղաքացին է ընտրել. դա միանշանակ է, բայց ֆինանսական ռեսուրսը, «գողական ռեսուրսը» և մնացած բոլոր ռեսուրսներն են մեծապես ազդել այդ կամքի ձևավորման վրա։
Վարդան Ղուկասյանին ընտրել են մարդիկ, որոնք մինչև հիմա շարունակում են մտածել, որ նա իրենից ինչ-որ բան է ներկայացնում։ Նրանց ընտրությունն այդ սխալ մոտեցման արդյունքն է»,- նշեց Դավիթ Ստեփանյանը։
Արձագանքելով այն դիտարկմանը, որ անկախ որևէ ռեսուրսից՝ քաղաքացին ազատ է քվեախցիկում իր նախընտրած քաղաքական ուժին ընտրելու կամ չընտրելու, մեր զրուցակիցը նկատեց՝ առնվազն 2017-ի համապետական ընտրություններից սկսած՝ քաղաքացիներն ազատ են եղել ընտրելու նրան, ում կամենում են։
«2017 թվականին ՀՀԿ-ն ընտրություններում հաղթել է, բայց ինչպե՞ս է հաղթել. օրը ցերեկով գնելով մարդկանց ձայները։ Իրոք, 2017-ին ՀՀԿ-ն հաղթել է։ Հիմա նույն կերպ շատերը գնացել են այդ ֆինանսական ռեսուրսի կամ գողական հասկացողությունների հետևից, այն բանի հետևից, որ, օրինակ, Վարդան Ղուկասյանը հեղինակություն է, իսկ Լևոն Բարսեղյանը՝ ոչ, և դրա արդյունքում ձևավորվել է այն, ինչ կա»,- ամփոփեց քաղաքագետը։