Գյումրիի 2024 թվականի բյուջեն կազմել 6 միլիարդ 836 միլիոն, 2025 թվականի բյուջեն մենք կազմել ենք 7 միլիարդ 858 միլիոն, ինչը 1 միլիարդ 22 միլիոնով ավելի է, պաշտոնավարման 100–րդ օրվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այսօր նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Ամեն ուրբաթ օր հաշվետվություն են ներկայացնում բյուջեի հավաքագրման բաժինները, և 1 միլիարդ 22 միլիոնը մենք դարձրել ենք 1 միլիարդ 500 միլիոն։ Մենք այդ բազայի վրա ենք աշխատում։
Գրություն է ուղարկվել մարզպետարան սուբվենցիոն հատկացման կարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ. բազմաբնակարան շենքերի կառուցման մասով համապատասխան համամասնությունը նախատեսելու վերաբերյալ։ Շիրակի մարզպետարան գրություն է ուղարկվել, որի մեջ առաջարկվում է Գյումրի քաղաքի մասով նախատեսել սոցիալական բազմաբնակարան շենքերի կառուցման համամասնություն։ Դրանից առաջ բազմաբնակարան շենքերի հետ կապված 13 տարի ինձանից հետո ոչ մի բազմաբնակարան շենք չի կառուցվել։ Մենք հիմա նախատեսում ենք, որ 37 տարի մարդիկ սպասում են տնակներում, նպատակահարմար ենք գտնում, որ բնակելիներ կառուցվի մեր անօթևան ընտանիքների համար»,–ասաց նա։
Անդրադառնալով բյուջեից Գյումրի քաղաքին հատկացված մասհանումներին՝ քաղաքապետը տեղեկացրեց՝ 2025 թվականի համար իրականանալու են հետևյալ սուբվենցիոն ծրագրերը. Գյումրի քաղաքի երիտասարդական պալատի շենքի վերանորոգման աշխատանքներ, Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի վերանորոգման աշխատանքներ, Գյումրի քաղաքի Շահումյան 214/5 հասցեում գտնվող մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցման աշխատանքներ, Գյումրի քաղաքի 18 փողոցների նախագծահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության եզրակացության տրամադրման ծառայություններ, Գյումրի քաղաքի 20 փողոցների հիմնանորոգման աշխատանքներ, կոմունալ տեխնիկա-սարքավորման ձեռքբերում։
«Իրականացվել է մոնիտորինգ թանգարաններում, որի արդյունքում արձանագրվել է մուտքերի կրկնակի, եռակի աճ։
Քաղաքաշինական հարցերի քննարկման նպատակով վարչական նիստերի, ինչպես նաև քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի նիստերի պարբերական անցկացում։ Նախկինում սկսված, սակայն կիսատ մնացած կամ մերժված քաղաքաշինական փաստաթղթերի շինթույլտվությունների 73, ավարտական 57 ակտերի տրամադրում։
Ինքնակամ ապօրինի շինությունների օրինականացման համար նոր հաշվառման ժամկետ սահմանելու հարցով դիմել ենք ՀՀ կառավարությանը, որովհետև նորից 5000-ից ավելի ապօրինի շինություններ կան, որոնք մարդիկ չգիտեն ինչ անեն, ու դրանք առաջացել է երկրաշարժի հետևանքով։ Այսինքն նույն մոտեցումը չի կարելի ցուցաբերել Հայաստանի մնացած քաղաքներին և Գյումրի քաղաքին, որովհետև երկրաշարժից հետո 90 տոկոս շենք շինությունները ավերվել են և ապօրինի շինությունները հսկայական են Գյումրիում։ Դրանք պետք է անպայման վերանայվեն։
Հայտարարվել են նախագծման մրցույթներ հետևյալ շենքերի, շինությունների համար: Ջերմակ հիվանդանոց, 50-ամյակի կամուրջ, Գյումրու Լողի համալիր մարզադպրոց»,– հայտարարեց Վարդան Ղուկասյանը։
Նա նկատեց, որ Լևոն Իշտոյանի անվան ֆուտբոլային դպրոցը, որն իր օրոք է կառուցվել, տրվել է «Շիրակ» ֆուտբոլային թիմին, այսօր խայտառակ վիճակի մեջ է։
«Հիմա էլ մենք նախագծանախահաշվարկային աշխատանքներ ենք տանում, որպեսզի ևս վերակառուցենք այդ դպրոցը»։