Գերմանական ARD հեռուստաալիքը գրել է, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND) գուցե գաղտնալսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժինի հետ Ռուսաստանում զինված ապստամբության փորձի ժամանակ։
Ըստ ARD-ի՝ վկայակոչելով ARD մեդիա խմբի մաս կազմող WDR և NDR հեռարձակողների հետաքննական զեկույցը, BND-ն, հավանաբար, «ավելի լավ տեղեկացված էր Ռուսաստանում հեղաշրջման փորձի մասին, քան նախկինում հայտնի էր»:
ԳԴՀ-ի հետախուզական ծառայությունը հավանաբար «հետևել է «Վագների» հիմնադիր Պրիգոժինի և Լուկաշենկոյի բանակցություններին»։
WDR-ի և NDR-ի հետաքննությունը ցույց է տվել, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը դեպքից մոտ մեկ շաբաթ առաջ կասկածներ է ունեցել Պրիգոժինի ապստամբության հնարավորության մասին ու փորձել է ստուգել տեղեկատվությունը գործընկերներից: Սակայն, ըստ հեռուստաալիքի, փորձն անհաջող է անցել։ Այդ պատճառով Գերմանիայի դաշնային կանցլերի գրասենյակը չի տեղեկացվել Ռուսաստանում հնարավոր ապստամբության մասին։
Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը մինչև հունիսի 23-ի երեկոյան չի տեղեկացրել կառավարությանը Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։